«Մարդկանց տանջում են ոչ թե հենց իրերը, այլ այն պատկերացումները, որ նրանք ստեղծել են իրերի մասին»… Հիմա էսպիսին է մեր իրականությունը: «Բոլորս» խոսում ենք հայրենիքից, պետությունից, արժեհամակարգից, հավատքից ու բանակից, դրանց պահպանումից: Իսկ մենք ունե՞ նք բավական վերլուծական միտք, որպեսզի հասկանանք թե ինչպես է դա արվում կամ ում կողմից:
Քաղ տեխնոլոգիաներ, ագիտացիաներ, ոմանց մոտ` նաև մանիպուլյացիաներ… բոլորս էլ գիտենք ինչպես է կիրառվում, բայց իրական արժեքների տակ կեղծ բարեպաշտությամբ քողարկվելը հաստատ արժեքները փրկելու լավագույն մեթոդը չէ: Ցավոք շատերը դրա մասին տեղյակ չեն ու գլխի չեն էլ ընկնում: Օրինակները շատ են, բայց որպես ամենաակնառու օրինակ՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները փակելու ու դրա մասին հպարտորեն հայտարարելու մասին կարող եմ խոսել: Իսկ դուք գոնե գիտե՞ք, թե որ ճանապարհներով է մեր բանակին անհրաժեշտ իրեր տրամադրվում /ու էստեղ իրերի տակ կարելի է հասկանալ հնարավոր ամեն բան/: Առանց այդ էլ ներքին ու արտաքին ճանապարհատրանսպորտային կաթվածահար իրավիճակում, փակել ճանապարհներ, որտեղից քո բանակը մատակարարվում է ու դրա մասին հպարտորեն հայտարարելը հաստատ հայրենասիրության դրսևորում չէ՝ համենայն դեպս իմ պատկերացմամբ: Ինչպես հայրենասիրության դրսևորում չէ թալանելը, սպանելը, գողանալը, օտարերկրյա քարոզչամեքենաների կիրառումը, սեփական շահի համար ժողովրդի հուզական վիճակի շահարկումը, ու էսպես կարող եմ անվերջ թվել …
Պետությունը, հայրենիքը, բանակը պահում են ամենօրյա քրտնաջան աշխատանքով, պետության հանդեպ հավատարմությամբ, միասնականությամբ ու ամենքն իր գործի տերը լինելով: Իսկ մենք կարծես թե շատ ենք խառնել տեղերն ու դերերը …
Իսկ հոգևորն ու աստվածայինը պետք է լինեն ամենից վեր, աշխարհիկից վեր՝ համերաշխության ու սիրո քարոզիչներ, այլ ոչ հակառակը… եթե իրապես հոգևոր են ու եթե իրապես մոտ են աստվածայինին…
« Երբ կանգնում եք աղոթելու, եթե ինչ-որ մեկի դեմ բան ունեք, ներե՛ք նրան, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները » /Մարկոս 11:25/ …
