Բագրատ Սրբազանի շարժումն այնքան է ոգեւորել հասարակական-քաղաքական որոշ շրջանակների, ԶԼՄ-ների, որ այս օրերին ակտուալ է դարձել տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներին զանգելն ու մի պարզունակ հարց ուղղելը, թե ինչպես են վերաբերում այդ շարժմանը:
Նույնը արել է <Փաստ> թերթը. գտել ու հարց է ուղղել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ, մինչ այդ մի շարք այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին: Վերջինս էլ խորիմաստ պատասխան է տվել. <Աստծո գործերն անքննելի են>: Այլ հարցերի նա հրաժարվել է պատասխանել:
Եթե Աստծո գործերն անքննելի են, ապա Հովիկ Աբրահամյանի գործերը երկրային կյանքում լավ էլ քննության են արժանացել:
Այսպես. դեռեւս մեկ տարի առաջ` 2023թ. ապրիլ-մայիս ամիսներին, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը զբաղված էր Հովիկ Աբրահամյանի գույքի ծագումնաբանությունն ուսումնասիրելով:
Այդ վարչությունը պահանջ էր ներկայացրել դատարանին` Հ. Ա.-ից, նրա կնոջից` Ջ. Ա.-ից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ եւ բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ` ընդհանուր 1 մլրդ 628 մլն 277 հազ. 90 դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք` 11 մլն 292 հազ. 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի եւ 3 մլն 117 հազ. 680 եվրոյի չափով, 21 մլրդ 202 մլն 67 հազ. 797 դրամ` որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ նույնականացված դրամի հանրագումար:
Տպավորիչ թվեր են:
Իսկ Բագրատ Սրբազանի շարժման հեռանկարով մտահոգ ԶԼՄ-ները գուցե այսուհետ կարծիք հարցնեն նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից, ԱՄՆ-ում արդեն քանի տարի հանգրվանած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից, այլ պաշտոնյաներից եւ վերջապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որոնց` պաշտոնավարման շրջանում ունեցած նյութական ձեռքբերումները հայտնվել են ՀՀ դատախազության ուշադրության կիզակետում:
