Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը հայտարարել է վեց հատուկ կառավարական կոմիտեների ստեղծման մասին, որոնք կկառավարեն երկիրը՝ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահվան հետևանքով ստեղծված պայմաններում:
Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։
«Երեկ առաջին փոխնախագահը ձևավորեց վեց հատուկ կոմիտե՝ այս օրերին երկիրը կառավարելու համար», — մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին նշանակվել է արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար, նշել է Բահադորի Ջահրոմին։
