Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրն այցելել եմ կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ շարունակելով.
«Շրջել եմ ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը:
Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն շենք-շինությունների կառուցմանը, այլև մարտական, զինվորական օբյեկտներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, կահավորմանը կամ ամբողջությամբ նոր ճանապարհների ստեղծմանը:
Դրական եմ գնահատել կատարված աշխատանքը և բոլոր պատասխանատուներին հանձնարարել խստորեն հետևել ժամանակացույցին ու ծրագրերն ավարտել ժամանակին»:
Հիշեցնենք՝ երեկ էլ Պապիկյանն այցելել էր մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել: Այն կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը:

