Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Ավագանու անդամները չեն կարողանա այլևս համատեղել իրենց պաշտոնը հանրային և հանրային ծառայության պաշտոնների հետ․ սա ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվող «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով է առաջարկվում, որն Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ դրել է քննարկման։

Հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մտահոգություն էր հայտնել, որ ավագանու անդամները չեն վճարվում, այժմ էլ նրանց արգելվելու է աշխատել: Նա հարց էր հղել նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին, թե արդյոք այդ մարդիկ չե՞ն ուղղորդվելու և նախընտրեն գնալ բիզնեսի ոլորտ, ինչպես նաև՝ ինչպե՞ս են ապրելու:

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ գործող օրենսդրությամբ հարցը տարընթերցումների տեղիք է տալիս, թե արդյոք ավագանու անդամը իրավունք ունի՞ միաժամանակ համատեղել երկու պաշտոնները։

Նրա խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում այդպիսի կարգավորումներ նախատեսված չեն, ուստի ավագանու մի շարք անդամներ այժմ էլ համատեղում են իրենց պաշտոնը հանրային և հանրային ծառայության պաշտոնների հետ: Այժմ՝ օրենքի կարգավորմամբ, անհամատեղելիությունը հստակ արձանագրվելու է։

«Բոլոր համայնքներում գործող ավագանիների դեպքում նմանատիպ դեպքերը բազմաթիվ են․ ավագանու անդամը զբաղեցնում է երկու հանրային ծառայության պաշտոն։ Այժմ զսպվում են շահերի բախման հնարավոր ռիսկերը։ Ունենք միջազգային որոշակի պայմանագրեր, որոնք սահմանում են այդ դրույթները, և հիմա մենք նախատեսել ենք այսպիսի դրույթ։ Անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակի առանցքում պաշտոնների մեկտեղման պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առաջացումը կանխելն է, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի խաթարումը բացառելը»,- ասում է նա։

Ստացվում է, որ օրենքի ընդունման դեպքում ավագանու անդամի համար մի շարք պաշտոններ կամ աշխատանքներ անհասանելի են դառնալու, միևնույն ժամանակ օրենքը չի արգելելու նրան գործունեություն ծավալել մասնավոր ոլորտում։

Սակայն այստեղ, ըստ Գալջյանի, հարց է առաջանալու․ «Ճիշտ կլինի՞, որ ավագանու անդամը չվարձատրվի և միայն մասնավոր ոլորտում աշխատելով իր ֆինանսական ծախսերը հոգա։ Եթե ավագանու անդամ ես, դու որոշակի պատասխանատվություն կրում ես ու պետք է քո աշխատանքային երաշխիքները ունենաս, որ լինես անկողմնակալ ու կարողանաս պաշտպանել համայնքային շահերը»։

Այս պարագայում, նրա դիտարկմամբ, պետք է ապահովվի ավագանու անդամի ֆինանսական անկախությունը։ Ներկայացված նախագծից զատ՝ Ազգային ժողովը պետք է քննարկի ավագանու անդամներին վարձավճար (աշխատավարձ) տալու հնարավորությունը։ Ավագանու անդամը կարծում է, որ նմանատիպ որոշմամբ կարգելվի նաև ավագանու անդամների գործունեությունը մասնավոր ոլորտում, ինչպես պատգամավորների դեպքում է:

«Բացառությամբ օրենքով սահմանված մի քանի դեպքերի, երբ գործունեությունը, օրինակ, կրթական կամ մշակութային ոլորտում է։ Չեմ կարող աշխատավարձի չափ ասել, բայց ավագանու դեպքում էլ այն պետք է լինի այնպես, որքան ֆիքսված աշխատավարձ ունի պատգամավորը։ Ազգային ժողովը առանձին պետք է որոշում կայացնի և նախատեսի այդ վճարների համար բոլոր հնարավորությունները»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ եթե Օրենսդիրը համապատասխան որոշում կայացնի, ապա ավագանու անդամը աշխատավարձ կստանա համայնքային բյուջեից:

«Յուրաքանչյուր համայնք կհասկանա՝ որքան իր բյուջեն վարձավճար տալու հնարավորություն ունի։ Երևանի ավագանու ծանրաբեռնվածությունը շատ է, հնարավոր է՝ այստեղ չափը այլ լինի, մեկ այլ քաղաքում՝ այլ։ Մոտեցման հարց է, թե ինչպես կորոշի Ազգային ժողովը։ Եթե որոշի, որ բարձր աշխատավարձ է սահմանվում, արգելում է մասնավորում աշխատանքը, կորոշվի նաև ավագանու գործառույթները, պատասխանատվությունը կավելացվի։ Ավագանու յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում, թե որքան ջանք տրամադրի ավագանու իր աշխատանքներին, որովհետև մասնավոր աշխատանքն էլ է ժամանակ խլում»,- ասում է Գալջյանը։

Նա հիշեցնում է՝ այս հարցը շատ անգամներ է քննարկվել, սակայն այսպես էլ լուծումներ չեն գտնվել, քանի որ հստակ մոդել չի նախանշվել․ սահմանվո՞ւմ է աշխատավարձ, ի՞նչ է փոխվելու դրանից հետո։ Նրա կարծիքով՝ այժմ դրա հնարավորությունը ավելի է ընդգծվում։

Ավագանու անդամը միաժամանակ ընդգծում է՝ կարգավորումը նպատակ պետք է հետապնդի, որ եթե ավագանու անդամը ավելի շատ գումար է ստանալու, նրա գործունեության արդյունավետությունն էլ պետք է ավելանա. «Ինչ որոշում էլ, որ առաջիկայում ընդունվի, պետք է կարողանալ բալանսավորել, որ անձը ձգտի մնալ ավագանու անդամի պաշտոնում, կամ դառնալ ավագանու անդամ, այլ ոչ թե մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձի համար հրաժարվի գործունեությունից»:

Արդարադատության նախարարությունը առաջարկել է փաթեթի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամվա ռեժիմում: Անցումային դրույթներով այն անձինք, որոնք մինչ այս օրենքն ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու պաշտոնի հետ, կկարողանան շարունակել համատեղել պաշտոնավարումը մինչև տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:

 Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում