Այլևս փաստ է, որ ի դեմս հոգևորականի զգեստի տակ թաքնված անձի, գործ ունենք շարքային խուլիգանի հետ․ Չախոյան

Այլևս փաստ է, որ ի դեմս հոգևորականի զգեստի տակ թաքնված անձի գործ ունենք շարքային խուլիգանի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Գործ ունենք վարչապետի թեկնածու ինքնաառաջադրված խուլիգանի հետ, ով անգամ դրա իրավունքը չունի, բայց Սահմանադրության վրա թքած ունի։

Գործ ունենք խուլիգանի հետ, ով ամեն բան անում էր ու անում է սադրելու ու բախումներ հրահրելու համար։

Բայց չարաչար սխալվել է, Հայաստանում իշխանազավթում չի լինելու, ու իշխանության չեն կարող գալ մարդիկ ովքեր օտարերկրյա քաղաքացի են ու դրա իրավունքը չունեն։

Ցանկացած անօրինական գործողություն արժանանալու է կոշտ իրավական գնահատականի, ոչ վեղարն է փրկելու, ոչ էլ դոշից կախած խաչը»,- ասված է գրառման մեջ։

Այսօր վաղ առավոտից Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել է դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել է արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:

Գալստանյանը սկսել է սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:

Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սեռացրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում է հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել են անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել են հարվածներ: Գործողությունների ժամանակ վիրավորվել են ակտիվիստներ և ոստիկանության աշխատակիցներ՝ տեղափոխվելով բուժհաստատություններ:

Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:

Այսօր ևս չհասնելով իր առջև դրված նպատակներին՝ Գալստանյանը համակրներին ուղղորդել է Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ նրանց հորդորել է դիտորդի կարգավիճակում չմնալ, այլ գործողություններ իրականացնել:

Կիսվել սոց․ ցանցերում