Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում թույլ տվեց փոփոխություն կատարել «Ժոնգ Տոնգ» ավտոբուսների գնման պայմանագրում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Երևանի քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստի արձանագրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար, և վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից։ Գնման ընթացակարգի արդյունքում «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի միջև 22․08․2022թ-ին կնքվել է ընդհանուր 6․637․424,904 հազ․ դրամ արժողության 150 հատ ZHONGTONG BUS LCK6860HGH մակնիշի ավտոբուսների մատակարարման պայմանագիր՝ մատակարարման ժամկետ սահմանելով պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 180 օրացուցային օրը:
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թույլատրվել է կնքված պայմանագրում իրականացնել փոփոխություններ, որի հիման վրա կնքվել է Համաձայնագիր N 4, որը սահմանել է 30 հատ հավելյալ ավտոբուսների մատակարարման ժամանակահատվածը։ Մատակարար ընկերությունը ներկայացրել է բանկային երաշխիք պայմանագրի գնի 30 տոկոսի չափով, որպեսզի ստանա կանխավճար դեռ չմատակարած 30 ավտոբուսի գնի չափով:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանին մատակարարվող թվով 30 հատ նոր ավտոբուսի համար մատակարար ընկերությանը տրամադրել կանխավճար»:
