Չինական «Չանյե 6» լուսնային զոնդը հունիսի 4-ին օդ է բարձրացել Լուսնի հակառակ կողմից՝ իր հետ վերցնելով լուսնային գրունտի նմուշներ: Այս մասին հայտնել է Չինաստանի Տիեզերական ազգային գործակալությունը (CNSA):
Թռիչքից վեց րոպե անց սարքը դուրս է եկել Լուսնի շուրջ նախատեսված ուղեծիր։ CNSA-ն պարզաբանել է, որ զոնդն այժմ պետք է միանա լուսնային ուղեծրի վրա գտնվող ուղեծրային սարքի հետ: Գրունտի նմուշները Երկիր կհասցվեն վերադարձի մոդուլի միջոցով, որը վայրէջք կկատարի Չինաստանի հյուսիսում՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում:
Հիշեցնենք, որ «Չանյե 6» զոնդի վայրէջքային մոդուլը հունիսի երկուսին բարեհաջող վայրէջք էր կատարել Լուսնի հակառակ կողմում: Սարքը վայրէջք էր կատարել Հարավային բևեռ-Այթկեն ավազանում նախապես ընտրված վայրէջքի գոտում։ Առաքելության նպատակը գրունտի նմուշներ հավաքելն էր։
Սա Չինաստանի վեցերորդ առաքելությունն է «Չանյե» լուսնային հետազոտական ծրագրի շրջանակում: «Չանյե 5» առաքելության շրջանակում Չինաստանը Լուսնի տեսանելի կողմից նմուշներ Երկիր էր բերել 2020 թվականին: