Հայաստանի սահմաններից ավելի անորոշ են մեր լեզվում օգտագործվող բազմաթիվ հասկացությունների ու տերմինների սահմանները: Այստեղ նույնպես պահանջվում է սահմանագծման-սահմանազատման հսկայական աշխատանք, բայց այս դեպքում խորհրդային ժամանակի ոչ մի «քարտեզ» (բառարան, դասագիրք) մեզ չի օգնի, և առհասարակ այնպես չի, որ այդ հարցը ինչ-որ մարդկանց հետաքրքրում է: Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանին տեր կանգնելու բազմաթիվ մրցակից ուժեր կան, մինչդեռ հայոց լեզուն արդեն վաղուց անտեր է, և սա քար չէ՝ նետված Լեզվի կոմիտեի բանջարանոցը: Եվ եթե իսկապես «մեր լեզուն մեր հայրենիքն է», ապա, թվում է, այդ հայրենիքը վաղուց տանուլ է տրված:
Այսօր լայնորեն շրջանառվում են հեշտությամբ իրար փոխարինող երեք հասկացություն. հռետորաբանություն, խոսույթ, նարատիվ: Այս շարքում կարող էր լինել նաև «գաղափարաբանությունը» (գաղափարախոսությունը), որ ավելի հին բառ է, բայց այն գրեթե չի օգտագործվում ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառով: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում դրանցից մեկը դուրս կմղի մյուս երկուսին, հնարավոր է, որ երեքն էլ մնան խաղի մեջ, բայց ամեն դեպքում դարձյալ գործ ունենք նոր իմաստներ կառուցելու լավ ծանոթ և որպես կանոն անլուծելի խնդրի հետ:
