44-օրյա պատերազմին մասնակից ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությանը վերաբերող հոդված է հրապարակել Բի-Բի-Սի-ն (BBC)՝ նկատելով, որ 2020 թ․-ի պատերազմին հաջորդող երկու տարիների ընթացքում միայն մամուլը հայտնել է ինքնասպանության առնվազն 26 դեպքի մասին: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Պատերազմից հետո Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից՝ պահանջելով հաշմանդամության կարգ ու համապատասխան թոշակ տրամադրել։ Պատերազմի մասնակիցները հիմնականում վրդովված են բյուրոկրատական քաշքշուկներից: Նրանք պնդում են, թե հաշմանդամության կարգի տրամադրումը ամիսներ է տևում, հաճախ էլ իրենց դիմումները առհասարակ մերժվում են:
Փաստորեն, մարտական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած մարդիկ մնում են առանց պետության աջակցության՝ ո’չ կարողանում են հաշմանդամություն ու թոշակ ստանալ, ո’չ էլ աշխատանք գտնել: BBC-ն եզրահանգում է՝ հետպատերազմական սոցիալ-հոգեբանական ծանր վիճակը, հատկապես շրջաններում վերականգնողական բուժման բացակայությունը երբեմն հանգեցնում են ինքնասպանության:
Ադրբեջանում վետերանի կարգավիճակ ունեցող պատերազմի մասնակիցները ամսական մոտ 50 դոլարին համարժեք նպաստ են ստանում, իսկ հաշմանդամության կարգ ստացած մարդիկ՝ նախագահական թոշակ` 175-235 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ կախված հաշմանդամության կարգից։ Դրանից բացի` նրանք նաև հաշմանդամության թոշակ են ստանում՝ ըստ իրենց կարգի: Պաշտպանության նախարարության տվյալներով` 44-օրյա պատերազմի 76 հազար մասնակից վետերանի կարգավիճակ է ստացել, ևս 13 հազարի կարգավիճակը դեռ ճշգրտվում է։ Շուրջ 3000 մարդ պատերազմի հաշմանդամ է ճանաչվել։
Հարկ է նշել, որ շրջանառվող այս թվերը չեն արտացոլում իրականությունը:
Ըստ Ադրբեջանի Պետական մանկավարժական համալսարանի Գուբայի մասնաճյուղի տնօրեն Յուսիֆ Ալիևի`«Հայրենական պատերազմում նահատակվել է 2907 ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել է ավելի քան հազար զինվոր և սպա, 7 մարդ անհետ կորել է»:
Եթե Ադրբեջանի ՊՆ ներկայացնում է 76 հազար մասնակցի` վետերանի կարգավիճակ ստանալու մասին, 13 հազար մասնակցի՝ կարգավիճակը դեռ ճշտելու և 3000 հաշմանդամի մասին, ապա ինքնասպանություն գործող վետերանների թիվը, առհասարակ, շատ ավելի բարձր է` հաշվի առնելով տիրող ռեժիմի վարած քաղաքականությունն ու երկրի սոցիալական վիճակը»,-նշված է հոդվածում:
Աղբյուրը՝
https://www.shantnews.am/news/view/1474939.html
