ՏԿԵ նախարարը, Լոռու, Շիրակի մարզպետերն ու մի շարք համայնքապետեր այցելել են աղետից առավել տուժած թաղամասեր (լուսանկարներ)

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 7-ին այցելել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց:

Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին:

Պաշտոնյաները նշված հատվածներում հետևել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին:

Նրանք զրուցել են բնակիչների հետ, քննարկել կարիքները, ներկայացրել թաղամասում կատարվող վերականգնողական աշխատանքները:

Պաշտոնյաները ևս մեկ անգամ ընդգծել են, որ աղետից տուժած բնակիչների խնդիրները պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են:

Այցելություն է կատարվել նաև Ախթալա բնակավայր, որտեղ հետևել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին: Նրանց է միացել նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ: Կարևորվել է աշխատանքների օպերատիվ և որակով իրականացումը:

Կիսվել սոց․ ցանցերում