ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ երեկ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ ԱԺ շենքի դիմաց ցուցարարների և ոստիկանների միջև սկսած բախմանը։
Կառավարության ղեկավարը նկատեց․
«Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի առաջնորդող շարժման մասնակիցնրի կողմից եղել է հարձակում ոստիկանության վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ։ Նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։
Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն բարձրագույն օրենսդիր մարմնի վրա, ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը և ՀՀ պետականությունը, ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից առաջ ոստիկաններին ասել է՝ «դե տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնա», որոշ ժամանակ անց, այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել նույն մարդը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայ առաքելական եկեղեցու երկու բարձաստիճան պաշտոնյանների բարոյական նկարագրի մասին»։
Վարչապետը ներկայացրեց, որ երեկվա դեպքերից տուժել է 18 ոտսիկան, 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության։ Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար։
Այնուհետև վարչապետն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների կողմից արված այն հայտարարություններին, թե ոստիկանների միջև բախումների հետևանքով քաղաքացու ձեռքը կտրվել է․ «Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս, և փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռքը պոկվել է, մինչդեռ ակնհայտ էր, որ նման բան չկա։ Քաղաքացին վիրահատվել է և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ։ Տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքն է գետնից վերցրել ոստիկանների կողմից նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, և որը պայթել է նրա ձեռքի մեջ։ Եթե չվերցներ նման բան տեղի չէր ունենա»։
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովի շենքի մոտ Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել են անկառավարելի, նրանք շարունակաբար սադրում են ոստիկաններին, հրում ու քաշքշում նրանց, վիրավորանքներ հնչեցնում:
Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ:
Գործողությունների հետևանքով տուժել են ցուցարարներ և ոստիկաններ:
