Երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա՝ խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ պետություն չի կարելի կառուցել․ «Ես՝ որպես չորս քրեակատարողական հիմնարկներում մեկ տարի 11 ամիս անցկացրած մարդ, ասեմ, որ այնտեղ գտնվող շատ մարդկանց հետ կան շատ պատմություններ, անձնական, անձնական ողբերգությունների պատմություններ, որոնք կարող են խղճմտանք առաջացնել, և որոնց վրա կարելի է նույնիսկ լացել, բայց մենք պետք է ընտրություն կատարենք՝ մենք ուզո՞ւմ ենք լացել, թե՞ ուզում ենք պետություն կառուցել»։
Նրա դիտարկմամբ՝ այդ ընտրությունը Հայաստանը կատարել է հօգուտ լացելու, որովհետև ամեն դեպքի տակ կա մի պատմություն, որը մեծ հաշվով կարող է լացացնել, բայց հաջորդ ընտրությունը պարզ է։
«Մենք չենք լինի թույլ իշխանություն, կլինենք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև դա աղետ է պետության համար։ Մենք լեգիտիմության և օրենքի ու օրինականության ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետությանը, հանրությանը, ժողովրդավարությանը, անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար և սրանում հույս ունեմ, որ տարընթերցում չկա»,- ասաց նա։
