Խորհրդային տարիներն էին, Մայր աթոռը հրատարակել էր Ավետարանի աշխարհաբար թարգմանությունը (մինչև հիմա հիշում եմ գրքի կազմի մուգ շականակագույնը): Այն ժամանակ դա իրադարձություն էր: Ես գնել էի մի քանի օրինակ նաև ընկերներիս, ծանոթներիս նվիրելու համար: Պարզվեց, որ այդ օրինակներից մեկն ունի տպագրական թերություն՝ պակասող էջեր: Ես գնացի Սուրբ Սարգիս եկեղեցի, որպեսզի փոխեմ այդ օրինակը: Ինձ ասացին, որ պետք է դիմել թեմի առաջնորդին, առաջնորդական փոխանորդին (ապագա Գարեգին Բ-ին): Բավական ժամանակ սպասեցի, մինչև նա ազատվեց: Այդ ընթացքում հետևում էի նախասրահում կատարվող անցուդարձին. մի տարեց կին՝ հավաքարարը, մաքրություն էր անում, հոգևորականներ էին գնում-գալիս, խոսում իրար և հավաքարարի հետ, կատակներ անում (երբեմն՝ գռեհկության հասնող). իմ՝ աշխարհիկ մարդուս ներկայությունը նրանց ոչնչով չէր կաշկանդում, գուցե նույնիսկ ոգևորում էր: Վերջապես մտա փոխանորդի սենյակը, բացատրեցի իմ խնդրանքը: Նա ընդառաջեց և Ավետարանի ուրիշ օրինակ տվեց: Հետևեց կաճ զրույց, որի նախաձեռնողը ապագա կաթողիկոսն էր, բայց խոսելու շատ բան չկար: Ինձ համար նա ընդամենը եկեղեցական պաշտոնյա էր, և նրա արտաքինը, նրա դեմքը դրան ոչինչ չէր ավելացնում. հոգևորության ոչ մի նշան: Եզրակացությունը. եթե այդ տարածքում գոնե մի հավատացյալ կար՝ այդ հավաքարար կինն էր:
Իմ բավական երկար կյանքի ընթացքում ուրիշ առիթներ էլ եմ ունեցել՝ շփվելու բարձրաստիճան եկեղեցականների հետ և, չնչին բացառություններով, տպավորությունը նույնն է. հոգևորության լիակատար բացակայություն, լիակատար պրոֆանություն, ավելին, և սա բացատրությանն կարիք ունի, ցուցադրական աշխարհիկություն:
Վերջին շաբաթներին Հայաստանի ճամփեքն ու Երևանի փողոցները չափող այս տերտերի մասին ինձ համար շատ բան սկզբից ևեթ հասկանալի էր՝ ինչ վերաբերում է խելքին ու բարոյականությանը: Մնում է հասկանալ, թե փակուղում հայտնվածի նրա հուսահատության եռանդը դեռ ինչքան անախորժություն է պատճառելու երևանցիներին:
