2003թ․, երբ ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, լրագրողները ոգեւորված էին, որ այդուհետ կդյուրանա պետական մարմիններից սահմանված ժամկետում ցանկալի տեղեկատվությունը ստանալու ընթացակարգը, լրագրողները ստիպված չեն լինի օրեր շարունակ նախարարությունների դռները մաշել՝ այս կամ այն պաշտոնյայից պատասխան կորզելու համար։ Սակայն, ինչպես բնորոշ է հայ իրականությանը, այս օրենքն էլ պաշտոնյաների ձեռքին դարձավ մանեւրելու, ԶԼՄ-ներին ու հանրությանը մանիպուլացնելու, կոնկրետ հարցերից խուսափելու եւ ընդհանրական պատասխաններ տալու, իրենց գործունեությունը գովազդելու միջոց։ Ասենք՝ զանգում ես որեւէ գերատեսչություն, հարցեր ես ուղղում, շտապ արձագանքում են, որ կպատասխանեն միայն գրավոր հարցերին։ Գրավոր հարցերն ուղղում ես, սպասում սահմանված ժամկետում պատասխանին, ուշանում է, արձագանքում են, որ օրենքով դեռ ժամանակ կա, իրենք ավելի մանրամասն տեղեկություններ են հավաքում, կպատասխանեն ավելի ուշ։
Հունիսի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին lragrogh.com-ն ուղղել էր հետեւյալ հարցերը։
1․ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում ողջ օրը երկար հերթեր են, աշխատակիցների խոսքով՝ օրական սպասարկում են 150 կտրոն ունեցող ՀՀ քաղաքացու, եւ միայն, երբ հերթն ավարտվում է, այն ժամանակ սպասարկում են նաեւ մյուսներին։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ՝ հերթերը նվազեցնելու համար։
- Տեղեկություն ունենք, որ ՀՀ քաղաքացիները նախօրոք հերթագրվում են՝ հաջորդ օրը սպասարկվելու համար, սակայն նրանց անունները ջնջում են։ Ճի՞շտ է, արդյոք, այդ տեղեկությունը։
3․ Նման արտառոց հերթերի գոյացումը ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում աշխատակիցները պատճառաբանում են առցանց ռեժիմի անցնելով, նաեւ այն հանգամանքով, որ փակվել են ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Բյուրեղավանի եւ Նոր Հաճնի բաժինները։ Հնարավոր չէ՞ վերականգնել այդ բաժինները եւ դյուրացնել ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ Ոստիկանության մարզային վարչության Կոտայքի բաժնի աշխատակիցների գործը։
Հունիսի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից ստանում ենք հետեւյալ պատասխանը․ <Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ձեւավորմամբ մեկնարկել են ոլորտի խորքային բարեփոխումներ, որի շրջանակում նախաձեռնվել են ծառայությունների թվայնացման աշխատանքներ։ Անձնագրային ծառայությունները, որպես կանոն, քաղաքացուն մատուցվում են մի քանի տարին մեկ անգամ, օրինակ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի ժամկետով։ Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը (ելքի կնիք) չեղարկվել է ս․թ․ հունվարի 1-ից, ինչով եւս վերացել է տարին մեկ անգամ անձնագրային ծառայություն այցելելու անհրաժեշտությունը։ Բարեփոխումների արդյունքում որոշ ծառայություններից էլ օգտվելու համար այցելության անհրաժեշտություն կառաջանա մի քանի տարին մեկ անգամ։
ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի 9 կետով նախատեսված է միգրացիայի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում, որի շրջանակում նախաձեռնվում են մի շարք գործընթացներ, այդ թվում նաեւ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծումով միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Այս համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային սոտրաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում եւ այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին եւ օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու եւ վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երեւանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։
Այս մոտեցումը հնարավորություն կտա նաեւ թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոտայքի մարզի անձնագրային ծառայությունների հաստիքային միավորումը ՆԳ նախարարի 26-Լ հրամանով է հաստատվել։ Կոտայքի մարզի հաստիքները համապատասխանաբար միավորվել են՝ ՄՔԾ Բյուրեղավանի եւ Նոր Հաճնի բաժինները միացվել են Եղվարդի բաժնին»։
Եթե մինչեւ 2018թ․ իշխանափոխությունն էինք նման չինովնիկական, տեքստի մեջ մի քանի անգամ «խորքային բարեփոխումներ» արտահայտությունը նշող, հարցերից ըստ էության խուսափող պատասխան ստանում, չէինք զարմանում։ Վեց տարին, սակայն, քիչ ժամանակ չէ, որպեսզի պաշտոնյաները վերանայեին իրենց նախկին գործելաոճը եւ փորձեին ավելի թափանցիկ գործել՝ չխուսափելով իրենց ուղղված անհաճո հարցերից։ Նաեւ՝ ժամանակ գտնեին այցելելու մարզային անձնագրային բաժիններ եւ տեսնեին, թե ինչպիսի հերթեր են գոյացել այնտեղ, ինչպիսի բյուրոկրատական քաշքշուկների եւ վազվզոցների մեջ են հայտնվում մարդիկ տարաբնույթ «բարեփոխումների» հետեւանքով։
Թագուհի Հակոբյան
