Այսօր տեղի ունեցավ ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովը, որի նպատակն է ՀՀ իշխանություններին ուղղված կոչ անել` ներկայացնելու Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի դիմումը:
Մասնակիցների ցանկը ընդգրկուն է` ԳԽ 1990-95թթ. պատգամավոր Ազատ Արշակյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, Հանուն Հանրապետություն կուսակցաւթյան նախագահ Արման Բաբաջանյան, Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյան, քաղաքագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են արեւմտյան արժեքների քարոզով:
Հրավիրյալներից չէր ներկայացել ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր » խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է չբարեփոխված դատական համակարգով, չբարեփոխված ոստիկանությամբ, կոռուպցիայով եվրոպական ուղղությամբ շարժվելը, սակայն դրա այլընտրանքը նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ըստ նրա` ինչպե?ս կարող է ժողովրդավարական հավակնություններ ունեցող երկիրը անտարբեր նայել, թե ինչ է այսօր տեղի ունենում Ուկրաինայում:
ԽՍՀՄ օրոք այլախոհ, 1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ պատմական էքսկուրս կատարեց եւ հիշեց իր այլախոհական անցյալը, իր եւ Հայաստանի անկախության համար պայքարող իր ընկերների նկատմամբ սովետական ռեժիմի հալածանքները, հետո անդրադարձավ 1991թ. անկախության հանրաքվեին` նշելով, որ դա անջատման, արժանապատվության հանրաքվե էր: Ըստ նրա` Հայաստանը 14-րդն էր, որ հայտարարեց` եթե բոլորը դուրս են գալիս ԽՍՀՄ-ից, ապա մենք էլ ենք դուրս գալիս:
« Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նշեց, որ նախաձեռնությունը մեկ նպատակ ունի` փլվող աշխարհակարգի պայմաններում Հայաստանի անվտանգությունը, նրա պետականությունն ամրագրել ավելի անվնաս, եթե հնարավոր լինի` մեկ քայլ առաջ դուրս գալու համար: Նա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի գաղափարը համեմատեց 1991թ. համազոր գործին:
Մանրամասները` տեսանյութում:
