Երևանի կանգառներից մեկում կինը պայուսակ է մոռացել, որում եղել են մոտ 2 մլն 300 հզր դրամ, ոսկեղեն, փաստաթղթեր

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20 հասցեում գտնվող տրանսպորտի համար նախատեսված կանգառում՝ նստարանին, մոռացել է իր պայուսակը, ապա վերադառնալով այնտեղ՝ այն չի հայտնաբերել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված կանգառ են ժամանել Շենգավիթի համայնքային ոստիկանները, որտեղ կինը հայտնել է, որ պայուսակում եղել են մոտ 2 միլիոն 300 հազար դրամ, մի քանի կտոր ոսկյա զարդեր և իր համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր։

Մինչ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքը բացահայտելու համար, ժամեր անց տուժած Լորետա Բ.-ն զանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ մի կին, որը, հավանաբար, պայուսակի մեջ եղած անձնագրից է իմացել հասցեն, գնացել է իրենց տուն, ասել, որ պայուսակը գտել և այն վերադարձրել է։ Պայուսակից ոչինչ չի պակասել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Կիսվել սոց․ ցանցերում