Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 21-ին իրավապահները կոտրել էին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան՝ օրենքի սահմաններում իրականացնելով այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու գործընթաց։
Այս դեպքի վերաբերյալ ԼՂ նախկին ԱԺ նախկին 4 խմբակցությունները դատապարտող հայտարարություն են տարածել:
Քաղաքագետ Էդգար Առաքելյանն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Պետությունը լուծարած, իսկ, իրականում, ինքնալուծարված որոշ խմբակներ չեն կարող Հայաստանում հանդես գալ որպես Արցախի խորհրդարան և, հետևաբար խորհրդարանի խմբակցություններ, ու չէին կարող հայտարարություն ընդունել, դա ֆեյք հայտարարություն է։
Ավելին, Արցախում պետական հեղաշրջում իրականացրած խմբակները չեն կարող խոսել հայաստանի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունից ու ժողովրդավարությունից։
Դուք, առնվազն, «եվլախյան էլիտան» եք, որի միջոցով լուծարեցին Արցախը, բայց Հայաստանի հարցում բախտներդ չփորձեք»։
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն առգրավել էր սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։ Դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում էր Աշոտ Դանիելյանը։
«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ մեքենան առգրավելու որոշումը կայացվել էր հենց Աշոտ Դանիելյանին վերաբերող գործի շրջանակներում:
