Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե իշխանությունը փորձում է կեղծել անցյալը: Ըստ նրա՝ «2004-2007 թվականներին, երբ Հայաստանն անվտանգ էր, ԼՂ-ն՝ հայկական, եղել է ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի որդու այս հայտարարություններին՝ քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե Քոչարյանների, կամ նախկին իշխանությունների հիշողությունը կարճ է, կամ ձևացնում են, թե չեն հիշում, չի նշանակում, որ հանրությունը, կամ այլ քաղաքական ուժեր չեն հիշում՝ ինչ է տեղի ունեցել 1998-2008 թվականներին:
«Այդ թվականներին տեղի է ունեցել, ըստ էության, իշխանության բռնազավթում, բազմաթիվ արհավիրքներ՝ կեղծ ընտրություններ, ՀՀ տնտեսության յուրացում մի քանի մարդկանց և նրանց նեղ շրջապատի կողմից, տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական սպանություններ, որոնք չեն բացահայտվել, տեղի են ունեցել «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», և այսպես կարող ենք անվերջ շարունակել»,- ասում է նա:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կես միլիոնից ավել հայ Հայաստանից՝ իր հայրենիքից, անդառնալիորեն հեռացել է, հայրենազրկվել, ասում է զրուցակիցը. «Այս մարդկանց իշխանությունը պայմաններ է ստեղծել, ստիպել, որ ՀՀ քաղաքացիները լքեն իրենց հայրենիքը. ոչ մի հայ իր կամքով չի լքել ՀՀ-ն: Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաներից հետո հայ ժողովրդի հայրենազրկման մակարդակով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիները երկրորդն են, և հիմա էս մարդիկ եկել, խոսում են արտագաղթից, հայրենազրկումից»:
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի այն հայտարարությանը, թե աշխարհը հայ ժողովրդին վերջին 26 տարիներին (մինչև 2018 թվականը) ընկալել է որպես հաղթանակած ազգ՝ քաղաքագետը ընդգծում է՝ «հաղթանակած միգուցե իրենց անձնական ընտանեկան կյանքում, ընտանեկան հարստության, բիզնեսի առումով». «Այո, իրենք հաղթանակած են, քանի որ այսօր առնվազն Հակակոռուպցիոն կոմիտեում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների քննության շրջանակներում բացահայտված իրենց անշարժ գույքը և ֆինանսական միջոցները մի քանի տասնյակ միլիոն դոլարների են հասնում, սա միգուցե իրենք համարում են հաղթանակ: Չի կարող պատերազմից արնաքամ եղած և աղքատ պետության ղեկավարը իր ընտանիքով տիրապետել նման միջոցների օրինական ճանապարհով, այն պարագայում, երբ այդ պետությունը նույնիսկ զենք գնելու խնդիր ունի»:
Էդգար Առաքելյանի համոզմամբ՝ Լևոն Քոչարյանի՝ «Հայաստան» խմբակցության անդամ դառնալով՝ այդ խորհրդարանական խմբակցությունը շատ ավելի խոցելի է դարձել թե՛ քննադատությունների, թե՛ հանրային ընկալումների առումով:
«Վերջին 5-6 տարիները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը ում դեմքով էլ որ հանդես եկավ՝ աշխարհիկ, թե հոգևոր առաջնորդի, իրենց, թե միջնորդավորված այլ մարդկանց, միևնույն է, ժողովուրդը հասկացավ, թե ովքեր են իրենք և ամեն փորձի պարագայում մերժեց իրենց քաղաքական հայտը: Համոզմունք ունեմ, որ այլևս ոչ ոք ՀՀ-ում ցանկություն չունի հետ վերադառնալու այն ճահիճը, որը ստեղծվել էր նախկին նախագահների իշխանության տարիներին, ճահիճ, որը ՀՀ-ին հետ մղեց տասնյակ տարիներով, իսկ ՀՀ քաղաքացիներին սարքեց չքավոր, քաղաքացին իր երկրում իրեն զգաց անպաշտպան, և անարդարության զգացումը նրանց ստիպեց հեռանալ հայրենիքից, հայրենազրկվել»,- եզրափակում է քաղաքագետը:
