Եռագույն դրոշի փոխարեն՝ ծառերին ու սյուներին կապկպված կտորի քառագույն կտորտանքներ. «Սրբազան շարժման» գեղղեկը ստեղծագործական ճգնաժամի մեջ է

«Անշարժացած»՝ արձակուրդ  մեկնած «սրբազան շարժման» քարոզչական թիմն ու գեղղեկը, ինչպես երևում է, ստեղծագործական ճգնաժամի մեջ են՝ ինչ անել, ինչպես անել, որ մայրաքաղաքի բնակչությունը չմոռանա իր մասին՝ մինչև արձակուրդից վերադառնալը։ Եվ իր մասին  հիշեցնելու համար որոշել է հակաէսթետիկ ակցիա իրականացնել՝ այսպիսով, փաստորեն, շարունակելով պայքարը  «ստի և կեղծիքի դեմ»։  Այս օրերին Երևանի տարբեր հատվածների սյուների, մետաղական կոնստրուկցիաների, մասնավորապես նաև նորատունկ ծառերի բների ու ճյուղերի վրա կարելի է տեսնել կարմիր, կապույտ, ծիրանագույն անմշակ եզրերով կտորի պատառիկներ (ՀՀ պետական դրոշի գույների հետ ասոցացվող գույներն են, դրանց    կողքին էլ շարժման «ֆիրմեննի» գույնը՝ մանուշակագույնը), որոնց վրա գրված է «սրբազան պայքար», «հանուն հայրենիքի», «պատիվ ու հայրենիք» և այլն։  «Շարունակի՛ր լցնել Երևանը քո գույներով»՝ զետեղելով ակցիայի լուսանկարները  հորդորել է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը, որի հետևորդներն էլ այս  հորդորը «մեկնաբանել» են եռագույն սրտիկներ շարելով։  Էջի հետևորդներից մեկն էլ հորդորել է դուրս գալ մանկապարտեզային վիճակից և «զինված ջոկատներ» կազմել։ «Էէէէէէէ, դուք պայքարող չեք, մանկապարտեզով եք զբաղված։ Կռվող, զինված ջոկատներ են պետք պատրաստել, որտեղ իսկական մարտի կելնեն Դավաճան նիկոլի դեմ։ Մինչդեռ ինքը հանգիստ  հեծանիվ է նագլի քշում մեր աչքի առաջ ու ծիծաղում մեր վրա»,- առաջարկել է վարչապետի հեծանիվ քշելուց սրտնեղած  շարժման  հետևորդը։

Ընթերցողը կհիշի, որ  մեկ այլ ընդդիմադիր՝ «Դիմադրություն» շարժման օրերին դրա աջակիցներն ու մասնակիցները Արցախի դրոշն էին տնկում Երևանի և հանրապետության տարբեր հատվածներում, Արցախի դրոշով ինքնակպչուն թղթեր կպցնում որտեղ պատահի, այդ թվում՝ ԱԳՆ-ի ներքին պատերին, սրբազանականներն էլ «պլագիատի» մեջ չմեղադրվելու համար որոշել են նմանատիպ, բայց քիչ  ծախսատար՝ «չուլ» ակցիա անել՝ մայրաքաղաքը, ինչպես նկատել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը,  վերածելով «գունավոր քրջանոցի»։

Ի դեպ, ծառերի ու տարբեր առարկաների վրա չուլ ու թել փաթաթելու հավատալիքը նախաքրիստոնեական շրջանից է գալիս։ Կար ժամանակ, երբ մարդիկ  աքաղաղ, ոչխար էին ծառերի առաջ մատաղ անում և դրանց  կատարը կամ եղջյուրները կախում ծառից:  Հիվանդներն էլ  իրենց հանդերձներից կտորներ էին պատռում և կապում ծառի ճյուղերից, որպեսզի «ցավն ու չոռը» իրենցից հեռացնեն՝ թողնելով ծառի ճյուղից կախված։

Շատերը մեր օրերում էլ շարունակում են ապավինել սնոտիապաշտությանը՝  հատկապես եկեղեցիներին հարող տարածքներում գտնվող ծառերի վրա կտորե տարբեր իրեր կապել՝  կարծելով, թե այսպիսով կիրականանա իրենց երազանքը։ «Սրբազան շարժման»՝ հոգևոր բարձր դասի ներկայացուցիչ  առաջնորդը պետք է որ խորհուրդ տված լիներ ձեռնպահ մնալ  նախաքրիստոնեական հավատալիք հիշեցնող այս ակցիան իրականացնելուց։ Բայց ինչպես երևում է՝ նրա խորհրդի կարիքը շարժման ստեղծագործական թիմին բնավ չի հետաքրքրում։

Ի դեպ, ժամանակ առաջ էլ այս շարժման կողմից մեկ այլ ակցիա էր իրականացվել՝   «30 արծաթով հայրենիքը վաճառածների» ակցիան, երբ իշխող ուժի ու տարբեր հանրային գործիչների լուսանկարները փակցվել էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ընդհուպ՝ աղբամանների վրա։

Հետաքրքիր է՝ հաջորդ ակցիան ինչ տեսք է ունենալու։ Քանի որ առջևում Վարդավառն է,  երևի սրբազան շարժման երիտակտիվիստները ստեղծագործական մտքի բացառիկ թռիչք կկատարեն՝ եռագույն  ջրի ատրճանակներ կգնեն ու եռագույն ջուր կկրակեն Կառավարության և ԱԺ շենքերի վրա՝ այսպիսով արտահայտելով իրենց սրբազան, հետն էլ՝ երփներանգ սերը հանդեպ մայր հայրենիքը։

Ե. Ա.

https://civic.am/news/srbazan%20sharjum%20stexcagorcakan%20jgnajam

Կիսվել սոց․ ցանցերում