Կարմիր ներկով գրություններ՝ Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն միջնադարյան կառույցի պատերին

12-13-րդ դարով թվագրվող Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն միջնադարյան կառույցի  պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։

Իրավախախտումը արձանագրվել է ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցների հերթական շրջայցի ընթացքում:

Արձանագրված իրավախախտման դեպքով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար։

Նմանօրինակ դեպքերը քիչ չեն: Ըստ ՊՈԱԿ-ի, սույն թվականի հունիսի սկզբին էլ  գրառումներ էին հայտնվել Երևան-Գառնի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղի տարածքում  գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների լաբորատորիայի աշխատակիցների ջանքերով։

Կիսվել սոց․ ցանցերում