Մпսկվան ջղաձգվում է. Խшղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է. Արեգ Քոչինյանը՝ ՌԴ-ից եկող հայտարարությունների մասին

«Մոսկվան գնալով ավելի ու ավելի ջղագրգիռ է դառնում նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված, որովհետև գնալով ավելի ու ավելի դեպի լուծում է գնում հայ-ադրբեջանական կարգավորման պրոցեսը և Խաղաղության պայմանագրի ստորագրումը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

«Տեղի ունեցավ նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ հանձնաժողովների կանոնադրությունների ստորագրումը պետությունների միջև, ինչը բավականին կարևոր քայլ է կարգավորման ուղղությամբ: Եթե ֆիքսում ենք, որ երկու կողմերն էլ հայտնել են, որ կոմունիկացիաների թեման հանում են Խաղաղության բուն պայմանագրի տեքստից, ապա ստացվում է, որ այլևս տարաձայնություններ, որպես այդպիսին, չկան խաղաղության տեքստի վերաբերյալ, բոլորը հաղթահարված են: Իսկ այն հարցերում, որտեղ կա տարաձայնություն, դրանք այլևս Խաղաղության պայմանագրի մեջ չեն, և այս ամեն ինչը բավականին խաղից դուր վիճակում է թողնում ռուսներին: Եվ երկրորդ՝ ստեղծում է հնարավորություն, որ երբ կլինի նոր փաստաթուղթ՝ ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլևս Երևանից պարբերաբար հնչող փաստարկն էլ չի լինի, թե որ նոյեմբերի 9-ի պայմանագրից դուրս գանք, ի՞նչ կմնա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Այսինքն, նոյեմբերի 9-ի փաստաթղթից ՀՀ ստորագրության հետկանչումը Հայաստանի համար կդառնա քաղաքականապես շատ ավելի հարթ գործընթաց»,- մանրամասնում է քաղաքագետը:

Խոսելով Ռուսաստանից եկող տարբեր սպառնալից հայտարարությունների մասին՝ Քոչինյանն ասում է, որ դրանք գտնվում են նույն հարթության վրա, այսինքն՝ Մոսկվայում զգում են, որ կողմերը գնալով մոտենում են դեպի կարգավորմանը, և ինչպես հայտարարություններով, այնպես էլ բուն ճնշումներով փորձելու են ստանալ այն, ինչը փորձում էին ստանալ՝ սկսած թերևս 2020 թվականից. «Միջանցքը նպատակներից մեկն է, բայց ոչ միակը, էլի նպատակ կա, դա այն է, որ եթե անգամ տեղի է ունենում կարգավորում, ապա այդ կարգավորման մեջ ունենալ շատ կոնկրետ դերակատարություն, ինչ-որ բանի վրա ունենալ ազդեցություն: Սա նույնպես կարևոր բաղկացուցիչ է իրենց համար»:

Հարցին՝ դա՞ է պատճառը, որ պաշտոնական Մոսկվան պարբերաբար հիշեցնում է՝ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման բանալին տարածաշրջանում կամ ՌԴ-ում է գտնվում, զրուցակիցը դրական է արձագանքում:

«Մոսկվան, ըստ էության, ոչ միայն տարածաշրջանից, այլ իր սեփական տարածքից է դուրս մնում, եթե հաշվի առնենք այն, որ, օրինակ, Կուրսկում անգամ սեփական տարածքը նորմալ չի վերահսկում, ուր մնաց թե այլ տարածաշրջաններից դուրս չմնա: Այնպես որ, այո, նման պրոցես կա, և դա բավականին հավանական է»,- կարծում է քաղաքագետը:

Մինչև ԱՄՆ ընտրություններ, ըստ Քոչինյանի, Մոսկվայի նպատակը բավականին հստակ է՝ ժամանակ ձգել, թույլ չտալ, որ տեղի ունենան կոնկրետ կարգավորումներ:

Կիսվել սոց․ ցանցերում