Ութ ամիս տևած մշակումից հետո հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագիծը

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստում կողմ է քվեարկել քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին:

Հատակագծի մշակումը տևել է ութ ամիս:

32 կողմ, 13 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ Երևանի ավագանին ընդունել է այն։

«Երևաննախագիծ» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը նշել է, որ գեներացրել են մի փաստաթուղթ, որը թեպետ ամբողջությամբ չի լուծում այն խնդիրները, որոնք ունի Երևանը, բայց կարգավորում է հարցեր, որոնք առնչվում են երևանցիներին և Երևանի շահերին:

Նոր նախագծով որոշակի սահմանափակումներ են սահմանվել բակային տարածքների նկատմամբ, ճշգրտվել են Երևանի այգիների ցանկը, մակերեսները, մոտ 2 անգամ ավելացել են կանաչ տարածքները, հիմնվել են անտառային գոտիներ Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի տարածքում, Հրազդանի կիրճին տրվել է հատուկ պահպանվող կանաչ տարածքի կարգավիճակ՝ հետագայում բացառելու ցանկացած տիպի կառուցապատում:

Թարմացվել է նաև Երևանի ճանապարհատրանսպորտային ցանցը, նոր կառուցված և կառուցվելիք ճանապարհներն ընդգրկվել են փաստաթղթում:

Կիսվել սոց․ ցանցերում