Գյումրու ավագանին մերժեց ու հուլիսի 27-ին Գյումրիում կայացած «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնին նախապես պայմանավորված գումարը չտվեց։ Խոսքը 2 մլն 434 հազար 350 դրամի մասին է, որով փառատոնի շրջանակներում տաղավարներ են վարձակալվել։ Դրանք փառատոնի օրը անվճար հատկացվել էին տեղի ձեռնարկատերերին՝ իրենց արտադրանքը ցուցադրել-վաճառելու համար։
Նախագծով առաջարկում էր նաև հավանություն տալ անհետաձգելի համարված գնումը մեկ անձից իրականացնելու ընթացակարգին՝ առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:
Չնայած փառատոնն անցկացվել է հուլիսին ու մինչ այս ավագանին 2 արտահերթ նիստ է գումարել, միայն այսօր՝ սեպտեմբերի 10-ին այս ծախսի մասին հայտնի դարձավ։ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հարցրեց՝ ումից է համայնքապետարանը վարձակալությամբ ձեռք բերել այդ տաղավարները։
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց՝ ումից ասել են, նրանից էլ վարձակալել են։
«Ծրագիրն ամբողջական է եղել, հանրապետությունում 3 տեղ անցկացվել է փառատոնը։ Էդ վրանները կազմակերպություն կա, որն ունի, նրանից էլ միշտ վարձակալում են։ Մեզ ասել են էդ կազմակերպությունը, մենք էլ արել ենք։ Իրենք ասում են՝ էդ կազմակերպությունում կա, էդ կազմակերպությունը բերել, տեղադրել է, երևի, իրենց հետ էլ եղել է պայմանագիրը»,- ասաց Սամսոնյանը։
Հարությունյանի ճշտող հարցին՝ այսինքն մեկ անձից գնում է ստացվո՞ւմ, քաղաքապետն ասաց՝ այո։
Թե խոսքը հստակ քանի տաղավարի մասին է, պարզ չեղավ, որոշման նախագծում ևս թիվը գրված չէ։ Ընդամենն առկա է Հանրային հեռուստաընկերության տնօրենի՝ համայնքի ղեկավարին ուղղված գրությունը, որով տեղեկացրել է, որ փառատոնի պատշաճ իրականացնելու համար պետք է որոշ կազմակերպչական աշխատանքներ անել, օրինակ փողոցներ փակել, անվտանգություն ապահովելու, առավելագույնը 42 տաղավար տեղադրելու և այլն։
Քաղաքապետարանն էլ առանց ավագանու համաձայնության տվյալ կազմակերպության հետ պայմանագիրը կնքել, տաղավարները վարձակալել է՝ հավանաբար չմտածելով, որ գուցե ավագանին 2 ամիս անց դեմ կքվեարկի դրան։
«Զարթոնք» խմբակցությունից Գոռ Մանուկյանը նկատեց, որ որոշման նախագիծն իրավաչափ չէ, քանի որ համայնքապետարանն, առանց ստանալու ավագանու հանաձայնությունը, արդեն իսկ մեկ անձի կիրառմամբ գնում է կատարել, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Կարեն Մալխասյանն հետաքրքրվեց, թե ինչու օգոստոսի արտահերթ նիստին չի ներկայացվել այս նախագիծը։
Ասացին՝ հնարավոր չի եղել, քանի որ հարցը պետք է քննարկվեր մշտական հաձնաժողովում, ապա նոր ընդգրկվեր ավագանու նիստի օրակարգում։ Ժամանակ չի եղել։
Քաղաքապետն ասաց նախ վստահ են եղել, որ ավագանին կողմ է քվեարկելու, բոլոր համայնքներն էլ նույն կերպ են վարվել, պետք չէ առանձնանալ ու ձգձգել այդ գումարի տրամադրումը։ Անկախ այս հորդորից, երկար քննարկումից հետո որոշման նախագիծը չհաստատվեց։ Կողմ քվեարկեց միայն «Բալասանյան դաշինք»-ը։
Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն էլ նկատեց, որ տվյալ կազմակերպությունը կարող է դատարան դիմել, պայմանագրով նախատեսված գումարը բռնագանձել, համայնքապետարանի հաշվեհամարի վրա էլ արգելանք դնել։
