Գյումրիում տարածքներից կհեռացնեն բացօթյա առևտրով զբաղվողներին և հրապարակի քարե գորգը զավթածներին (լուսանկարներ)

Առգրավվել են ապօրինի տեղադրված խաղային ապարատներ և բացօթյա տարբերակով վաճառվող պտուղ-բանջարեղեն, միրգ ու այլ ապրանքներ:

Գյումրու Ղանդիլյան, Գորկի, Շիրակացի, Պարույր Սևակ փողոցներում և Հաղթանակի պողոտայում քաղաքապետարանի «Առևտրի սպասարկման և համակարգման» բաժինը շարունակում է ամենօրյա ռեժիմով վերահսկողություն իրականացնել՝ հնարավորինս կանխելով փողոցային բացօթյա առևտրի դեպքերը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բաժնի պետի պաշտոնակատար Սևակ Խաչատրյանն ասում է՝ կարող է դրական արդյունքի մասին խոսել. քիչ-քիչ, սակայն սայլը կրկին տեղից շարժվում է:

«Իրավախախտների թիվը նախորդ ամիսների համեմատությամբ պակասել է, մարդիկ սկսել են հետևել մեր խոսքին, նաև ապրանքի առգրավումներ ունենք, արձանագրություններ ենք կազմում, տուգանում ենք: Դա էլ նշանակություն ունի այս հարցում»,- նկատում է պատասխանատուն:

Փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ սպասում է Շրջիկ առևտրի կարգավորման՝ Գյումրու տարբերակի հաստատմանը, որը դեռ նախարարություններում քննարկման փուլում է: Այն հենց հաստատվի, ու քաղաքապետարանը ձեռքին օրենքն ունենա, արդեն այլ պատկեր կլինի Գյումրիում, հատկապես կենտրոնը կազատվի առևտրականների «բարիկադներից» ու մեքենաներից:

Դրանք հայտնվեցին ամիսներ առաջ, երբ մի կերպ շուկա մտած առևտրականներն իրենց հռչակեցին շրջիկներ և կրկին վերադարձան մայթերն ու փողոցները: Սակայն այս անգամ սայլակների փոխարեն եկան մեքենաներով և չօգտագործվող ՀԴՄ սարքերով:

Ըստ փոխքաղաքապետի՝ հիմա մեքենաները տարածքներից հեռացնելու իրավասություն ո՛չ քաղաքապետարանն ունի, ո՛չ ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը: Քանի դեռ օրենքը Գյումրի չի հասել, համապատասխան բաժինը հսկում է, որ առուծախն անեն առանց ապրանքը մայթերին շարելու:

«Այսինքն՝ իրենք առևտուրը դեռ չհամակարգված ձևով շարունակում են իրականացնել ավտոմեքենաների միջից: Բայց երբ օրենքը եղավ, արդեն այն կամայական վերաբերմունքը, որ ցանկացած մեքենայով կարող են առևտուր իրականացնել որտեղ ուզեն, չի լինի: Օրենքի ուժով կարգելվի, մնում է մեզ մի լծակ, որով կարող ենք հարցը կարգավորել»,- նշում է Մկրտչյանը:

Քանի դեռ օրենքը չկա, Գյումրու կենտրոնական հատվածում փողոցային բացօթյա առևտրի կանոնակարգումը պիլոտային նոր ծրագրով կիրականացվի: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են քաղաքապետարանի «Առևտրի սպասարկման և համակարգման», «Քաղաքաշինության և ճարտարապետության» բաժինների պատասխանատուներն ու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Այդ ծրագրով Գյումրու փոքր կենտրոնում փողոցային բացօթյա առևտրի թույլտվություն այլևս որևէ մեկին չի տրվի: Առևտրականներին օրենքի դաշտ բերելու նպատակով կենտրոնում հստակ տարածքներ կառանձնացվեն, որոնք մրցութային կարգով ցանկացողներին կտրամադրվեն 6-ամսյա ժամկետով և հստակ չափորոշիչներով:

«Վարձակալն այդ տարածքում չի կարողանալու իր մտքով անցած ցանկացած բան տեղադրել, մենք ենք որոշելու, թե տվյալ հատվածում մեզ համար ինչն է նախընտրելի, թույլատրելի: Նման ձևով ենք փորձելու համակարգել: Եթե մարդը ցանկանում է ինչ-որ բիզնեսով զբաղվել, նախկին թույլտվության փոխարեն կգա, մրցույթին կմասնակցի, եթե շահի, մեր չափորոշիչներով կկարողանա իր գործունեությունը ծավալել»,- ասում է նա:

Թե ո՞ր տարածքներում և ի՞նչ հատվածներ են առանձնացվելու, դեռ հստակ չէ: Նախատեսում են ծրագիրը կյանքի կոչել Խաչքարերի պուրակում և Ռիժկովի ճեմափողոցում:

«Ռիժկովում 1-2 տարածք կառանձնացվի, շատ փոքր տարածք, շինարարական ոչ մի աշխատանք չի լինելու, տրվում է տարածքն առանց կառուցապատման իրավունքի, զուտ բացօթյա առևտրի համար օրենքի դաշտում: Հաշվի են առնվելու քաղաքի ճարտարապետական տեսքը, անվտանգության նկատառումները հետիոտնի և մեքենաների համար, նայում ենք արդեն, որ իրարից փոքր-ինչ հեռու լինեն դրանք»,- մանրամասնում է փոխքաղաքապետը:

Պետք է նկատել, սակայն, որ, ի տարբերություն Խաչքարերի դատարկ պուրակի, Ռիժկովի ճեմափողոցի գրեթե բոլոր մայթերն ու հնարավոր ազատ հատվածները վաղուց զավթել են տարածքի սրճարանատերերը: Մայթերից զրկված քաղաքացիներին ընդամենը հենց 1-2 փոքրիկ ազատ տարածք է մնացել, որտեղ կարողանում են մի պահ նստել, անվճար հանգստանալ, մաքուր օդ շնչել, իրենց քաղաքի մի մասնիկը համարել:

Գյումրու ուղիղ կենտրոնում՝ քաղաքապետարանի աչքի առաջ, մեկ բիզնես էլ կա, որը տարիներով իրականացվում է, սակայն դրանց տերը կամ տերերը հարկային դաշտո՞ւմ են, թե՞ ոչ, համայնքի բյուջե գումար մուտքագրո՞ւմ են, թե՞ ոչ, փոխքաղաքապետը տեղյակ չէ: Խոսքը Վարդանանց հրապարակի քարե գորգի վրա առանց անվտանգության նկատառումների շահագործվող մանկական գնացքների, ավտոմեքենաների, ինքնագլորների, ինչպես նաև մանկական լույսեր ու խաղալիքներ, քաղցր բամբակ և նմանատիպ ապրանքներ վաճառողների մասին է:

Թե ո՞վ է քարե գորգի տերը, չգիտեն, սակայն նրանց գործունեությունը ևս կանոնակարգելու տարբերակ ունեն: Նույն այդ պիլոտային ծրագրով հստակ մակերեսով տարածք է տրվելու վարձակալության, մրցութային կարգով: Ով շահեց, նա էլ կաշխատի:

«Բայց նպատակահարմար չենք գտնում գորգին թողնելը, քանի որ անվտանգ չէ, փողոցին մոտ է, արգելապատնեշ չկա դրված, մեքենաներից երեխաներին բաժանող ոչինչ չկա: Երեխա է, կարող է վազել, կամ հենց այդ փոքրիկ մեքենայով, ինքնագլորով միանգամից հայտնվել փողոցում: Մինչև Խաչքարերի պուրակի շինարարությունը սկսելը՝ դիտարկում ենք այդ գործունեությունը տեղափոխել այնտեղ: Նախ ավելի մեծ, ազատ տարածք կա, երթևեկելի գոտին էլ հեռու է»,- նկատում է փոխքաղաքապետը:

Նշենք, որ այդ հատվածը վտանգավոր է ոչ միայն երեխաների, այլ բոլոր անցորդների համար, որոնք ստիպված են լինում քայլել ինչ-որ անհայտ ուղղություններից բերվող՝ քարե գորգին դրված սարքերը սպասարկող էլեկտրամատակարարման լարերի վրայով:

Նոր տարածքը քաղաքապետարանը կտրամադրի՝ նաև այդ խնդիրը լուծած՝ հստակ իմանալով, թե քանի՞ մեքենա է շահագործվելու, ի՞նչ պայմաններով և ժամային ի՞նչ գրաֆիկով:

https://www.armtimes.com/hy/article/267783

Կիսվել սոց․ ցանցերում