Սոթքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ օգտագործվել են նաև հայկական արտադրության զինատեսակներ. Ալեն Սիմոնյան

Իրավիճակը սահմանին լարված է, բայց հարաբերականորեն կայուն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ յուրաքանչյուր պահի իրավիճակը կարող է նորից սրվել: Սիմոնյանի խոսքով` սահմանին կա մեծ կուտակում, փոխհրաձգությունը դադարել է, բայց լարվածությունը շարունակվում է:

ԱԺ նախագահն, անդրադառնալով բանակի հզորացման ուղղությամբ արվող քայլերին, նշեց. «Մենք մեծ ներդրումներ, ջանք և աշխատանք ենք իրականացնում, այսօրվա միջադեպի ժամանակ նույնիսկ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ»:

Հիշեցնենք, որ այսօր` առավոտյան ժամը 7:50-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակել են Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից բացի կիրառելով նաև ականանետ ու ԱԹՍ: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Կիսվել սոց․ ցանցերում