Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են:
Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ:
«Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել:
Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին, իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են:
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:
Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում:
Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար»,- ասել է Վրաստանի վարչապետը:
