Թեհրանը փորձում է ամրապնդել հարաբերություններն առաջնահերթ հարևանների հետ․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընտրվելուց հետո առաջին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր կառավարությունը կաշխատի միջազգային գործընկերների հետ՝ լուծելու Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ վեճերը՝ բարելավելու երկրի արտաքին հարաբերությունները և հասնելու երկարաժամկետ նպատակներին, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։ «Մենք այլ ելք չունենք, քան լուծել FATF-ի հարցը, և այն պետք է լուծվի։ Անպայման նամակ կգրեմ Նպատակահարմարության խորհրդին՝ FATF-ի քննարկմանը նորից անդրադառնալու համար»,- ասել է նա երկրի տնտեսական խնդիրների լուծման մասին հարցին ի պատասխան։ Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, Իրանի նախագահը հայտարարել է, որ փորձում են ամրապնդել իրենց հարաբերություններն առաջնահերթ հարևան երկրների հետ։ «Իմ այցը Իրաք հիմնականում այս տեսակետից էր բխում, նրանց հետ պետք է համատեղ նախագծեր ունենանք։ Նույնը կարող ենք անել Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս  հարևան երկրների հետ։ Աճի պահանջն ազատ շուկայի ստեղծումն է, և մենք պետք է ունենանք արտաքին կապեր ու ներդրումներ։ Մեր արտաքին դիվանագիտությունը հիմնված է լինելու պատվի, իմաստության և նպատակահարմարության վրա, և մենք գնալու ենք այս ճանապարհով»,- հայտարարել է Փեզեշքիանը։

Կիսվել սոց․ ցանցերում