Ուժի մեջ է մտել նյութական վնասով ՃՏՊ-ների փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման նոր կարգավորումը

Սեպտեմբերի 18-ից ուժի մեջ է մտել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման նոր կարգավորումը:

Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից:

Ուժի մեջ մտած «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝

1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։

2․Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորությունները ապահովագրական պատահարի վայրում։

Վարորդներին հորդորում են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։

Կիսվել սոց․ ցանցերում