2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք։ Այս մասին ասված է ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված արդյունավետ միջոցառումների արդյունքում ավելացել են թե՛ թմրամիջոցների շրջանառության, թե՛ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով՝ հասնելով 1300-ի, իսկ զենք-զինամթերքի հայտնաբերմանը՝ 35 դեպքով՝ կազմելով 132 դեպք։
19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը։
Պարեկային ծառայողների կողմից բնակչության շրջանում բացատրական աշխատանքի շնորհիվ աճել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպքերը։
Հետևողականորեն իրականացվող միջոցառումների արդյունքում բացահայտվել են ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության, մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոցների առևանգման, ապօրինի ծառահատման դեպքեր։
Ուշագրավ է նաև կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ցուցանիշը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 60 դեպք, այս տարի այն 301 է․ 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականի հայտնաբերման դեպք են։
Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ պարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։
