Գալստանյանն այլևս գոյություն չունի, դարձել է քաղաքական դիшկ, Կիրիլն ասել է՝ հեռու մնացեք. Հայկ Սուքիասյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պարբերաբար հանդես է գալիս զարմանք առաջացնող հայտարարություններով։ Օրեր առաջ նա հայտարարել էր, որ եթե իշխանությունը ապաշխարի, կարող է շարունակել մնալ, այժմ էլ ասել է, թե եկեղեցին Վազգեն (Բագրատ) Գալստանյանին չի սատարել:

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Աջապահյանի այս հայտարարությունները վկայում են երկու բանի մասին․ կա՛մ եկեղեցականները նոր հանձնարարական են ստացել ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ Պատրիարքից, կա՛մ ինքնուրույն հասկացել են, որ Գալստանյանն այլևս այն մարդը չէ, որի կողքին կարելի է կանգնել:

«Նախ՝ ե՞րբ եք տեսել, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ժամանակակից եկեղեցապետերը ճիշտ խոսեն։ Այդ նույն եկեղեցապետերից մեկն էլ Գալստանյանն է, բայց առավոտից երեկո միայն սուտ խոսքեր է հնչեցնում, տեսել ենք, թե քանի անգամ է խախտել եկեղեցու պատվիրանները։ Աջապահյանն էլ այժմ փորձում է մաքրել իր անունը։ Եթե եկեղեցին Գալստանյանին չէր սատարում, այդ դեպքում ինչո՞ւ էր ինքը ճանապարհին դիմավորում սպիտակ վեղարով Երևան մտնող Վազգեն Գալստանյանին։ Հիմա ասում է՝ սատարել ենք, բայց այդքան էլ նկատի չենք ունեցել, որ սատարում ենք կամ պաշտպանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանում է նա։

Ըստ զրուցակցի՝ փաստը մնում է այն, որ եկեղեցին քաղաքականության ճանապարհն ընտրած Գալստանյանին բացահայտ կերպով սատարել է և նրա կողքին է ի սկզբանե եղել․ «Ուզում են պարզապես համոզել, որ եկեղեցին չգիտե՞ր, թե Գալստանյանը քաղաքականության մեջ է մտնելու։ Իրենք մոռանում են, բայց մարդիկ ամեն ինչ էլ հիշում են։ Լավ, եթե չգիտեին, բա ինչպե՞ս են սառեցրել Գալստանյանի կոչումը, որի համար ինքն էր դիմել։ Ո՞ւր էր այդ ժամանակ եկեղեցու դիրքորոշումը, ինչի՞ չէին հայտարարում, որ չենք սատարում, մինչդեռ Գալստանյանը, կաթողիկոսը ՀՀ վարչապետի հրաժարականն էին պահանջում։ Վստահ կարող ենք ասել՝ տեսան, որ Գալստանյանը դարձել է քաղաքական դիակ, եկեղեցուն ու Աստծուն դավաճանել է, իրենք էլ սկսեցին մաքրվել»։

Նա դժվարանում է ասել, թե արդյոք Աջապահյանը խոսո՞ւմ է նաև վեհափառի անունից, սակայն նկատում է՝ եթե նա նույնպես այն կարծիքին է, որ երբեք էլ չեն սատարել Վազգեն Գալստանյանին, ապա կարող է բացահայտ կերպով հայտարարություններ անել։

Ինչ վերաբերում է Աջապահյանի այն հայտարարությանը, թե Գալստանյանի շուրջ մարդիկ համախմբվել են նրա հանդեպ ունեցած անձնական համակրանքի համար, որը ունեցել է կրոնական երանգավորում, այլ ոչ թե, որ շարժումը վերագրվել է եկեղեցուն, Սուքիասյանն ասում է. «Գալստանյանին մինչ շարժումը ոչ ոք չէր ճանաչում, ի՞նչ համակրանքի մասին է խոսքը։ Եթե Աջապահյանի ասածը ճիշտ է, ապա եկեղեցին պարտավոր էր հանել վեղարը Գալստանյանի վրայից, որ նա եկեղեցու հետ չասոցացվեր։ Թող լիներ տկլոր Գալստանյան, տեսնեինք՝ քանի հոգի կկանգներ նրա կողքը։ Այդ մարդը եկեղեցու հեղինակությունն էր օգտագործում, ինչ հմայք կար, եկեղեցուն էր։ Ինչ ուզում են հայտարարեն, փաստ է՝ Բագրատ Գալստանյանը՝ Կիրիլի տեղակալը, օգտագործել է եկեղեցու հեղինակությունը՝ մտածելով, որ ժողովուրդը կողքին կկանգնի: Նման բան չի եղել ու արդեն ամեն մեկը արդարացում է փնտրում»։

Սուքիասյանը մնում է այն կարծիքին, որ Հայաստանում բոլոր եկեղեցականները լցված են Հայաստանում ռուսական հեղաշրջում անելու ծրագրին։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները վկայում են, որ Կրեմլից այլ ծրագրեր են նախապատրաստվում, որոնք այլևս կապ չունեն սառեցված եկեղեցականի հետ։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, դժվար է ասել, թե հոկտեմբերի 2-ին արդյոք Գալստանյանի փոխարեն բեմահարթակ դուրս կգա՞ ընդդիմադիր այլ առաջնորդ, սակայն նա համոզված է, որ եկեղեցու մասնակցությունը այդ շարժմանը ևս կլինի:

«Ֆիզիկական իմաստով գուցե հավաքին չտեսնենք, բայց պետական հեղաշրջմանը մասնակցություն կունենան։ Նրանք 100 տոկոսով սատարում են հակապետական կերպարին։ Ինչո՞ւ չէին դատապարտում, երբ Գալստանյանը մտավ Երևան քաղաքական հայտարարություններով։ Պետք է բացատրություններ տան, որ չեն սատարել, ինչո՞ւ է կաթողիկոսը պահանջել վարչապետի հրաժարականը, որի իրավունքը ինքը չունի, որովհետև մեր եկեղեցին Սահմանադրությամբ տարանջատված է։ Իրենք զբաղվում են քաղաքականությամբ, այլ ոչ թե եկեղեցու գործով։ Այսինքն, եթե հաջորդ վայրկյանին տեսնեն, որ Գալստանյանը հնարավորություն ունի որևէ բանի վրա ազդելու, միանգամից նորից կկանգնեն նրա կողքին։ Հիմա իրենց Կիրիլն ասել է՝ նա այլևս գոյություն չունի, հեռու մնացեք»։

Մերի Խաչատրյան 

 

https://www.armtimes.com/hy/article/296915

Կիսվել սոց․ ցանցերում