Ես չէի կարող պարոն Մանուկյանի հնչեցրած մտքերի հետ չհամաձայնել, որ այո, մեր հանրության մեջ, ցավոք, կան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունքի և ատելության դրսևորումներ:
Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Քաղաքացիական պայմանահիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Մասնավորապես ինձ էս վերջերս շատ զայրացրեց պարոն Մանուկյանենց կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերներից մեկի, նախկին պատգամավորի գրառումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների մասին, որոնք ուղղակի ունեն կոնկրետ քաղաքական հայացք:
Ես, իհարկե հասկանում եմ որ քաղաքական այդ ճամբարը լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ընկալել է միայն ու միայն պարզապես ինչ-որ… Պարոն Մանուկյան մի ընդհատեք, ձեր կոալիցիոն նախկին գործընկերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահավածներին անվանում է զավեշտ: Դա ատելության խոսքի տարածում է»,- ասել է Ալեքսանյանը՝ միաժամանակ փորձելով լռեցնել իրեն ընդհատել փորձող Գեղամ Մանուկյանին:
Ալտքսանյանը շարունակելով նշել է, որ իր ասած կոնկրետ քաղաքական ճամբարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընկալել է և շարունակում է ընդունել որպես «քաղաքական թնդանոթի միս՝ ընկալելով որ այդ քաղաքացիներին ինչ-որ պահի պետք է շպրտի ոստիկանների վրա՝ հույս ունենալով ինչ-որ բանի հասնել»:
Այս խոսքերին դարձյալ հակադարձել է Մանուկյանը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշել է, որ զգայուն թեմաներ են և պետք չէ կրքեր բորբոքել, այլ հակառակը՝ լավ կլինի դադարեցնել բանավեճը:
