Քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲ ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված 161.870.946 ՀՀ դրամ վնասը:
Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲ ընկերությունը 2023 թվականի որոշ ամիսներին թերհայտարարագրել է արտադրված ցեմենտի իրացման շրջանառությունը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալները տրամադրվել են՝ հիշյալ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգման ընթացքում օգտագործելու համար:
Արդյունքում, հարկային մարմնի կողմից հիշյալ ՓԲ ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման ընթացքում ընկերության կողմից ճշգրտվել են նախկինում ներկայացված հաշվարկ-հաշվետվությունները, որոնց արդյունքում առաջացել և պետական բյուջե են վերականգնվել ընդհանուր` 161.870.946 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ և տույժեր:
Նախաքննությունը շարունակվում է:
