Բեյրութի հարավային ծայրամասում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մոտ, հոկտեմբերի 4-ի լույս գիշեր հզոր պայթյուններ են որոտացել։
«Հըզբոլլահ»-ին մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակը առնվազն 11 հարված է հասցրել խմբավորման թիրախներին։
«Իսրայելը 11 անգամ անընդմեջ հարվածներ է հասցրել հարավային արվարձաններին»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։
Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնել է, որ «արձանագրվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, ինչը այն դարձնում է Բեյրութի հարավային արվարձանների վրա ամենահզոր հարձակումներից մեկը»։
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ կոչ է արել հարավային Բեյրութի խաղաղ բնակիչներին տարհանվել:
«Դուք մոտակա օբյեկտներում եք, որոնք պատկանում են «Հըզբոլլահ»-ին, և իսրայելական բանակը մոտ ապագայում կաշխատի դրանց վրա», — արաբերեն գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը «X»-ի միկրոբլոգում:
Բեյրութի օդանավակայանը սահմանակից է Դահիյա շրջանին, որը «Հըզբոլլահ»-ի հենակետն է և իսրայելական ավիահարվածների մշտական թիրախը:
Ինչպես հայտնում են Axios-ը և CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, Բեյրութի հարվածների թիրախը կարող էր լինել սպանված «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի զարմիկը՝ Հաշիմ Սաֆի ադ Դինը։
Նա ճանաչվել է որպես խմբավորման ղեկավար Նասրալլայի հավանական ժառանգորդ: Հայտնի չէ, թե արդյոք նա վիրավորվե՞լ է հարվածների հետևանքով։
