Էլ վատ բան կա՞, որ ՌԴ-ն չի արել մեր նկատմամբ

Օրվա վերջում Աբովյանի քաղաքապետարանում, ուր անցկացվում է <Եվրաքվե>-ի ստորագրահավաքը, անցուդարձ չկար: Բարեհամբույր աշխատակցուհին գրանցեց անձնագրիս տվյալները, մեկնեց  ցուցակը, որ ստորագրեմ:

Աբովյանում <Եվրաքվե>-ի համակարգող, <Հանրապետություն> կուսակցության անդամ Արամ Գեղամյանից հետաքրքրվեցի, թե սեպտեմբերի կեսերից սկսված այս նախաձեռնությանը քանի աբովյանցի է միացել, ստորագրել:

Ակնհայտ է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո հակառուսական տրամադրությունները սրվեցին Հայաստանում, եւ այսօր արդեն քիչ չեն Եվրոպական միությանն անդամակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները:  Իսկ արեւմտամետ մի քանի կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ այս ընթացքում քարոզում են, որ Հայաստանը պետք է իր ապագան կապի Եվրոպայի հետ, քանի որ Ռուսաստանը մշտապես խախտել է իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:

Ըստ Արամ Գեղամյանի` Աբովյանում այս ընթացքում մոտ հինգ հարյուր մարդ է միացել   ԵՄ-ին միանալու ստորագրահավաքին:

Մեր դիտարկմանը, թե բավարար չափով քարոզչություն չի իրականացվում, մարդիկ պարզապես օրվա թոհ ու բոհի մեջ իրազեկված չեն, այդ պատճառով միգուցե  շատ ստորագրողներ չկան, Արամ Գեղամյանն արձագանքեց. <Դե Հ1-ը հրաժարվել է լուսաբանել, բայց Երեւանում լավ քարոզչություն են անում, խմբերով քարոզում են, ինտերնետով է հիմնականում քարոզչություն տարվում: Աբովյանում դեռ չի եղել քարոզչություն, այսօր Գյումրի էին գնացել, լավ է անցել: Մոտ օրերս քարոզչական խումբը կգա նաեւ Աբովյան>:
Հարցին, թե սա հերթական անգամ ՌԴ-ին  չի տրամադրի Հայաստանի դեմ, Արամ Գեղամյանը պատասխանեց. <Էլ վատ բան կա?, որ ՌԴ-ն չի արել մեր նկատմամբ>:
Փոխարենը արեւմտամետ ուժերին ոգեւորել են  Եվրոպայից եկող դրական արձագանքները, լեհ քաղաքական գործիչներն էլ են արձագանքել:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում