«Նման տեղեկություն չունեմ»․ Գրիգորյանը՝ Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխման մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին։

Այս մասին այսօր Աժ–ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին լուրերը, փոխվարչապետը պատասխանել է․ «Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք հարմարավետություն»։

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, և ներդրումը չվտանգվի։

Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը կեղծ հայտարարություններով նշում էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Ադրբեջանական կողմը պարբերաբար կրաոցներ է արձակում գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էին գործարանի աշխատակիցները և հասցվել էր նյութական վնաս։

Այդ ամենի ֆոնին գործարանի տարածքում կանգնեցվել են ԱՄՆ–ի և Հայաստանի դրոշները։

Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

Կիսվել սոց․ ցանցերում