«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ երեկվա իր հայտարարություններին, որոնցով, ըստ լրատվամիջոցների, նա դրանց քաղաքական ընթացք է տվել։
Հարցին՝ ի՞նչ է փոխվել, որ սկսել է քաղաքին վերաբերող հարցերից զատ՝ խոսել նաև քաղաքական տեքստերով, վերջինս պատասխանեց․
«Փոխվել է միայն այն, որ որոշ կուսակցություններ, որոշ անձինք մեզ մեղադրում էին քաղաքային ընտրություններ անցկացնելու մեջ, և իմ երեկվա ասելիքը այն էր, որ եթե ուզում են քաղաքական ելույթներ, դա էլ կարող ենք անել, բայց ես չեմ կարծում, որ երևանցիներին հիմա քաղաքական ելույթները հետաքրքիր են։ Սա քաղաքական ընտրություններ են, նման բովանդակություն ունեն, երբ որ մենք ասում ենք, որ Երևան քաղաքում սարքում ենք 24 մանկապարտեզ, տասնյակ ֆուտբոլի դաշտեր, մարզադպրոցներ, 200-ից ավելի բակեր, դա քաղաքական բովանդակություն ունեցող ասելիք է։ Դա նշանակում է, որ մենք ամենասկզբից կառուցում ենք մեր քաղաքը, մեր երկիրը, որովհետև այդ լավ մանկապարտեզներում, դպրոցներում մեր երեխաները իրենց կարողություններն են զարգացնելու, հետագայում ունենալու ենք ամուր և հզոր երկիր։ Սա է քաղաքական տրամաբանությունը։ Բոլոր ուժերը, որոնք շեղվում են այս քաղաքական տրամաբանությունից, խոսում են ամեն ինչից, բացի իրենց ծրագրերից ու անելիքներից, ինձ մոտ տպավորություն է, որ նրանք Երևանի, երևանցիների ու մեր երեխաների վերաբերյալ ծրագիր չունեն»։
Ավինյանի խոսքով՝ շատ կուսակցություններ կարող են հեքիաթներ պատմել, բայց պետք է ներկայացնեն դրանք իրականացնելու ծրագրերը։ «Ժպիտ են առաջացնում հեքիաթային ու ֆանտաստիկ ժանրի ծրագրերը, որովհետև դրա տակ պետք է իրատեսության նշույլ լինի ու ֆինանսական գնահատական»,- ասաց նա:
Հարցին՝ այսքան ժամանակ ի՞նչ են ասել երևանցիները, երբ քաղաքապետի թեկնածուն իր կարգախոսնն է հնչեցրել՝ «Ասե՛ք, կանե՛նք», Ավինյանը պատասխանեց․ «Շատ բաներ են ասել՝ բարեկարգեք բակերը, սարքեք ֆուտբոլի դաշտերը, հիմնանորոգեք մանկապարտեզները, դպրոցները, պոլիկլինիկաները։ Մենք ասում ենք՝ 5 տարվա ընթացքում այդ ամբողջը հիմնանորոգելու ենք»։
