Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր երկրի Սահմանադրության մեջ:
Այս ծեծված միտքը կրկին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ստամբուլում «3+3» հարթակի հանդիպման ժամանակ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանն ու տարածաշրջանի երկրները մշակել են ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ։
«Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ՝ կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին հետկոնֆլիկտային ժամանակաշրջանն է: Կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններով վերացվեն նախկին հակամարտության հետևանքները», — ասել է Բայրամովը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայում մեկնարկել է Տարածաշրջանային համագործակցության Հարավային Կովկասի պլատֆորմի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
