Նա կլինի Ոսկե գնդակի հավակնորդների հնգյակում․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին լրագրողների հետ զրույցում խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։

Ինձագին ասել է, որ Լաուտարոն պարզապես պետք է շարունակի անել այն, ինչ արեց անցյալ մրցաշրջանում «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի կազմում: Մասնագետը նշել է, որ Մարտինեսին համարում է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

«Կարծում եմ՝ Լաուտարոն այս տարի կլինի «Ոսկե գնդակի» հավակնորդների հնգյակում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն, փոխանցում է armsport.am-ը:

Լաուտարոյի գոլը օգնեց «Ինտերին» նվազագույն հաշվով հաղթանակ տանել «Ռոմայի» նկատմամբ Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում։

Ընդհանուր առմամբ ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը միլանյան ակումբի կազմում 7 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում