ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն՝ հոկտեմբեր ամսին անասնահամաճարակային մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Վայոց ձորի մարզերում մսի իրացմամբ ու մատակարարմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես նաև անասնահամաճարակային նշանակության տարածքներում:
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ մշտադիտարկումներն անցկացվել են 59 տնտեսվարողների մոտ (Կոտայք՝ 45, Վայոց ձոր՝ 14), միայն 6-ի դեպքում են արձանագրվել խախտումներ, և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք:
Արձանագրվել են խոչընդոտման դեպքեր։
Առգրավված խմբաքանակները ոչնչացվել են այրման միջոցով:
Հիշեցնենք՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նախորդ տարվա վերջին կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը և կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարողի միջոցների հաշվին, իսկ վերջինիս հրաժարվում է ծախսերը կատարելուց, լիազոր մարմնի կողմից կատարված ծախսերը հետագայում տնտեսավարողից կգանձվեն դատական կարգով: