«Բախտի տերը» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, «Կինոմասկվայում»-ում կայացավ «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: ShowBiz.am-ը ներկա է եղել երեկոյին և ներկայացնում է միջոցառման հետաքրքիր մանրամասները:

Ֆիլմի սցենարն հետևյալն է՝ Ժանետն ու Անետը երկվորյակ քույրեր են՝ հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիները։ Տարիներ առաջ Ժանետը հեռացել է գյուղից, իսկ Անետը մնացել է տատիկի մոտ։ Տատիկը մահանում է՝ իր շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։ Եվ ճակատագրի բերումով քույրերը ստիպված են լինում տեղերով փոխվել: Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր զարգացումներով ու հանգուցալուծումներով սյուժե, որը նրանց կստիպի լիաթոք ծիծաղել, նաև տեղ-տեղ հուզվել:

«Շատ խիստ էի, քանի որ իմ ընկերը՝ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, առաջին անգամ էր գեղարվեստական ֆիլմ նկարահանում, շատ լավ գիտեի՝ որքան սրտացավ է: Շնորհակալ եմ նրան, որ ամեն բան ստացվեց, ի վերջո, երբ ֆիլմը հաջողում է, համարում են թիմային աշխատանք է, իսկ երբ ֆիլմը վատն է, ասում են՝ ռեժիսորն է մեղավոր, բայց, կարծես, ամեն բան լավ է ստացվել: Մենք Գրիգի հետ աշխատել էինք տարբեր հեռուստանախագծերում, սակայն սա արդեն մեծ ֆիլմ է, որի վրա այլ աշխատանք ենք իրականացրել: Ի դեպ, Գրիգին «Բախտի տերը» վստահելու գաղափարը առաջացել էր ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի մոտ, երբ նկարահանում էինք «Տիկին նախարարը»: Գրիգն ունի իր հստակ ձեռագիրը, նրան հաջողվեց ֆիլմի միստիկան ապահովել, ինչն այս դեպքում ամենակարևորն է: Այսօր՝ պրեմիերային, հավաքվել էին մեր ընկերները, գործընկերները, դատելով նրանց շնորհավորանքներից՝ ֆիլմն իսկապես սիրվել է: Հավելեմ, որ շատ ուրախ եմ, որ նոյեմբերի 24-ին AGBU սրահում տեղի կունենա մեր կատարկերգության պրեմիերան ԱՄՆ-ում, հուսամ՝ այնտեղ էլ կսիրեն»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը:

«Բախտի տերը» ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գրիգ Վահրամյանը, սցենարի հեղինակները Աշոտ Աբրահամյանն ու Ռուբեն Ջաղինյանն են: Ֆիլմի բեմադրող օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմում նկարահանվել են Արփի Գաբրիելյանը, Լևոն Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը, Սուրեն Թումասյանը, Մարինե Պետրոսյանը, Եվա Զոհրաբյանը, Սոնա Եսայանը և այլք:

Ֆիլմի գլխավոր հերոսուհիներին՝ երկվորյան քույրերին, մարմնավորած Արփի Գարբրիելյանը մեզ հետ զրույցում խոսեց դերերի առանձնահատկությունից և նկարահանման ընթացքում առաջացած դժվարություններից. «Ինձ շատ հետաքրքիր է եղել աշխատել նախագծում: Ի սկզբանե դժվար է եղել, որովհետև երկու կերպար պետք է կերտեի, ինչը, կարծում եմ, ցանկացած դերասանի համար պատասխանատու է ու բարդ: Բայց ասեմ, որ ինձ շատ օգնել են ռեժիսորը՝ Գրիգ Վահրամյանը, գլխավոր օպերատոր Սուրեն Թադևոսյանը, ովքեր ինձ շատ-շատ էին հավատում: Բոլորի գերնպատակն էր, որպեսզի ես կարողանայի որքան հնարավոր է հեշտ ու հանգիստ նկարահանումներին մասնակցել: Անչափ շնորհակալ եմ պրոդյուսերին, ովքեր ինձ ընտրեցին ու հավատացին, ավելի շատ, քան ես կհավատայի ինքս ինձ: Չեմ ուզի հիմա ֆիլմին գնահատական տալ, քանի որ ես շատ ինքնաքննադատ եմ ու հնարավոր է՝ շատ թերություններ տեսնեմ, որն իրականում նորմալ է, յուրաքանչյուրն իր աշխատանքի հանդեպ պետք է այդպես լինի»:

Արփին նկարահանումների համար սովորել է տրակտոր վարել, նաև մեխանիկական մեքենա քշել, որը մինչ այդ չի իմացել. «Նկարահանումների ընթացքում մտել եմ խոզերի մեջ, որն ինձ համար նոր էր, բայց դա ինձ չի վախեցրել, չեմ զզվել ու առհասարակ գյուղական միջավայրը շատ եմ սիրել: Պետք է սիրես, որ կարողանաս ճիշտ ձևով ներկայացնել: Նկարահանումները հիասքանչ Դսեղում էին, ամեն առում շատ գեղեցիկ մարդիկ են այնտեղ ապրում: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Դսեղ, ես այն բացահայտեցի միայն նկարահնումների ժամանակ: Ի դեպ, գյուղում նկարահանումները շատ ավելի հետաքրքիր էին, քան քաղաքում»:

«Բախտի տերը» գեղարվեստակն ֆիլմն արդեն հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում:

 

Կիսվել սոց․ ցանցերում