Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին «Ոսկե գնդակը» ստանալուց հետո արժանին է մատուցել երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին («Ռեալ Մադրիդ») եւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին («Ռեալ Մադրիդ»)։
«Վինիսիուսն ու Բելինգեմը հրաշալի խաղացողներ են, նրաց ձեռքերում է ապագան։ Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի տպավորիչ ֆուտբոլիստների ընտրությունում առաջինը լինելը։ Շնորհակալ եմ իմ խաղը գնահատելու համար ինձ քվեարկածներին»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաեւ իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը («Ռեալ Մադրիդ») եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (ՊՍԺ / «Ռեալ Մադրիդ»), արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), իսպանացի հարձակվող Լամին Յամալը («Բարսելոնա»), գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը (Եվրո-2024-ից հետո ավարտեց կարիերան, «Ռեալ Մադրիդ») եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը («Բավարիա»)։
