Բենզեմա․ Վինիսիուսն էր արժանի «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, 2022թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Քարիմ Բենզեման մեկնաբանել է այս տարվա «Ոսկե գնդակի» արդյունքները։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը զբաղեցրել էր երկրորդ տեղը։

«Վինիսիուսն էր արժանի «Ոսկե գնդակին»։ Ոչինչ չունեմ Ռոդրիի դեմ։ Նա լավ խաղացող է, բայց ոչինչ չի անում, ինչին կարող էի արձագանքել՝ «Վաու» բացականչելով»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է  El Chiringuito-ն։

Անցած մրցաշրջանում Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում