Նոյեմբերի 21-ից բոլոր կինոթատրոններում էկրան կբարձրանա Ելենա Արշակյանի «Նոր Տարվա կինո» գեղարվեստական ֆիլմը, որ բոլորի երազանքի մասին է՝ համեմված սիմֆոնիկ երաժշտությամբ:
Ֆիլմի երաժշտության հեղինակը իրանցի կոմպոզիտոր Շահին Դանեշվարինն է, ով նոտագրել է ամբողջ ստեղծագործությունը՝ համապատասխան սյուժեին:
Ստեղծագործական թիմը վստահ է, որ երաժշտությունը կհասնի յուրաքանչյուրի սրտին:
«Ասում են՝ կինոն ստեղծվում է 3 անգամ, առաջինը, երբ գրվում է սցենարը, 2-րդը՝ նկարահանման հրապարակում, 3-րդը՝ մոնտաժային փուլում: Բայց ես կավելացնեմ նաև 4-րդը՝ կոմպոզիտորի սենյակում, որտեղ ստեղծվում է ֆիլմի երաժշտությունը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանն ու հավելեց.
«Շատ երջանիկ եմ, որ իմ ֆիլմում լինելու է այս փոքրիկ կախարդանքը՝ կենդանի հնչողությունը»:
Կոմպոզիտորը խոստովանում է, որ Ֆիլմի երաժշտություն գրելը ուրիշ աշխարհ է:
«Ծանոթ երգեր կան ֆիլմում, որ լսել եք, բայց լրիվ այլ ու հետաքրքիր մատուցմամբ: Հանդիսատեսը լսելու է որակյալ սիմֆոնիկ երաժշտություն»,- նշում է կոմպոզիտոր Շահին Դանեշվարին:
Հիշեցնենք, Ֆիլմի հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Լիանա Վանոյանը, Վիկա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը, Լիա Զախարյանը, Արթուր Կարապետյանը, Արսեն Լևոնյանը, Ռաֆ Հարությունյանը, բլոգեր Աշոտը, Զառա Սահակյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գրետա Մեջլումյանը և այլք: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:
«Նոր տարվա կինո»-ն ֆիլմ է բոլորի մասին ու բոլորի համար: