Գյուղերում էլ են կողմ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելուն

Հայաստանի Հանրապետության 60 հազար քաղաքացի կողմ է, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցի Եվրոպական միությանը։ Այսօր տեղի ունեցավ ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովը՝ <Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով ստորագրահավաքի արդյունքներ եւ հետագա քայլեր> թեմայով։ Համաժողովին մասնակցում էին արեւմտյան կողմնորոշում ունեցող մի շարք կուսակցությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ 2024թ․ սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիներ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացրել <Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին> ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը։ Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրություներ հավաքելու համար։ Նոյեմբերի 7-ին քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացուցիչ ձեւաթղթերի 4 տուփ են ներկայացրել ԿԸՀ։ <Ազատ քաղաքացի> քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանից lragrogh.com-ը հետաքրքրվեց, թե հատկապես որ մարզերում են ՀՀ քաղաքացիներն ակտիվ քվեարկել ԵՄ-ին անդամակցելու օգտին։ <Ամենաշատ ակտիվ են եղել Երեւանում, հետո՝ Գյումրիում, Կոտայքի մարզում, Արմավիրի մարզում, Արարատի մարզում, Գեղարքունիքի մարզում։ Սյունիքի մարզում պակաս ակտիվություն նկատվեց մեր կազմակերպչական խնդիրների պատճառով։ Սիսիանի շրջանում գյուղեր կան, որտեղ տարիքով մարդիկ հակված են ԵՄ-ին անդամակցելուն>,- նշեց մեր զրուցակիցը։ Նկատեցինք, որ քարոզչությունը պասիվ էր։ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենք գործել են իրենց ունեցած ռեսուրսների սահմաններում․ հարթակներ են ստեղծել, հարցազրույցներ տվել, Հ1-ն էլ թույլ չի տվել վճարովի գովազդ տեղադրել։ Իսկ հատկապես 2020թ․ պատերազմից հետո խորացել է հիասթափությունը Ռուսաստանից, եւ ՀՀ քաղաքացիները այլընտրանք են փնտրում։

Կիսվել սոց․ ցանցերում