Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ

Նոյեմբերի 8-ին Սևանա լիճ է բաց թողնվել մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ է տեղափոխվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։Ինչպես հայտնել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ձուկբացթողնման արարողությանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի, «Սևան» Ազգային պարկի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումն իրականացվել է պետական ծրագրի շրջանակներում, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի կողմից։

2024 թվականի մայիս ամսին Սևանա լիճ է բաց թողնվել «Ամառային իշխանի» 87 հազար 300՝ մեկ տարեկան մանրաձուկ, իսկ իրականացված երկրորդ միջոցառման արդյունքում ընդհանուր հաշվով լիճ է բաց թողնվել 387 հազար 300 «Ամառային իշխանի» և «Գեղարքունի» ենթատեսակների մանրաձկներ։

Միջոցառման մասնակիցները շրջել են ձկնաբուծարանում, դիտարկել ավազաններում առկա ձկնապաշարի տեսակներին, դրանց մայրական կազմերի ստեղծման և քանակին վերաբերող հարցեր, ծանոթացել  բացօթյա տարածքի նորակառույց ավազաններում «Կողակ» ձկնատեսակի մայրական կազմի բուծման համար ստեղծված պայմաններին և դրանց բազմացման հնարավորություններին, ապա մասնակցել տեղում կազմակերպված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիր՝ պահպանելով ժառանգությունը» խորագիրը կրող շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն և քննարկվել ձկնաբուծության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր։

Կիսվել սոց․ ցանցերում