Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, սահմանազատման գործընթացին, Տիգրանաշենի խնդրին և գործող իշխանության լեգիտիմությանը։ Արձագանքելով ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե իշխանությունը պատրաստվում է հանձնել Տիգրանաշենը, Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ հանձնման հարց չի քննարկվում, այլ իրականացվում է սահմանազատման գործընթաց՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ «Քյարքիի հանձնման կամ չհանձնման տարբերակ չի քննարկվում, այլ քննարկվում է սահմանազատման, սահմանագծման օրակարգ: Մենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից որևէ քառակուսի կիլոմետր կամ որևէ մաս զիջելու մտադրություն չունենք»,- հայտարարել է պատգամավորը։ Մանրամասնելով Տիգրանաշենի իրավական կարգավիճակը և դրա շուրջ շահարկվող Վարչատարածքային բաժանման մասին օրենքը՝ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրենքն ընդունվել է դեռևս նախկին իշխանությունների օրոք։ «Այդ օրենքը դեռևս 2009, հետո 11 թվականին ընդունված օրենք է, ընդունվել է Հանրապետական իշխանության ժամանակ, և մենք ուղղակի այդ օրենքը այնպես, այն տեսքով, որ տեսքով որ կա, ամեն անգամ վարչատարածքային որևէ փոփոխության ժամանակ ավտոմատ գալիս է այնտեղ… Քյարքին փաստացի մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, որպես անկլավ, մյուս կողմի համար էքսկլավ… Քանի որ մենք խոսում ենք անկլավի մասին, այստեղ ինքը իր վարչատարածքային միավորով մտնում է Պարույր Սևակ գյուղի վարչական սահմանների մեջ, բայց Տիգրանաշենը՝ Քյարքին, չի մտնում 29.743 քառակուսի կիլոմետրի մեջ»,- նշել է նա՝ հավելելով, որ փոխանակման կամ այլ լուծումների հարցը պետք է որոշի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովը։ Պատասխանելով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում առկա խնդիրները դիտարկում է այլ հարթության մեջ, ըստ որի․ «ՌԴ-ի իշխանությունները չեն ընդունում ՀՀ-ի իշխանություններին, քանի որ սրանք առաջին օրից գոռում են, որ դեմ են ՌԴ-ի իշխանություններին», ՔՊ-ական պատգամավորը վստահեցրել է, որ իրենց համար որոշիչը միայն ՀՀ քաղաքացիների կարծիքն է։ «Մեզ Հայաստանում, այստեղ ապրող քաղաքացիներին առհասարակ չի հետաքրքրում որտեղի, որ երկրի, որ պետության իշխանությունն է ընդունում կամ չի ընդունում մեզ, մեր իշխանությունը։ Մեզ համար կարևոր է՝ ընդունում է Հայաստանի ժողովուրդը, Հայաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընդունում է, վստահում է մեզ, ընտրությունների միջոցով իր վստահության քվեն տալիս է մեզ, թե ոչ։ Դա է ամենակարևորը մեզ հետաքրքրող հարցերի մեջ»,- շեշտել է Գարիկ Սարգսյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
https://youtu.be/pJFWnDhMokc?si=b7VNhOYX4fYClXSD
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1064060.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAcGRvZgFmZGlkFlDxgFxef9kp1NpRPoLUlq-8dID-u45zcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe7n8cVf3k4pecf3gO0vnBcj82Zxg1DFbr5LQIpIE3Nkzog4e7XuVELbpS-98_aem_3pCJ4KVGuDAxdzTBn_ISqw
© factor.am
