Հարց`ի՞նչ երաշխիքով է այդ չափի խոշոր գումարը` 26 միլիոն եվրոն, վստահվում անադեկվատ վարք ցուցաբերող, ըստ որոշ լուրերի` թմրшմпլ նախարարի տնօրինությանը:

Հակոբ  Սիմիդյանը դեռ ամիսներ առաջ էր անադեկվատ վարք դրսեւորում, բայց շարունակում է պաշտոնավարել

Ամիսներ առաջ` հունվարի 11-ին,  համացանցում մի տեսանյութ էր տարածվել Ազգային ժողովի  նիստից, որտեղ  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ելույթ էր ունենում ամբիոնից` խոսելով ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին օրենքի նախագծից, որով նախատեսվում է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկով վարկվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների, մասնավորապես` օզոնաքայքայիչ նյութերի ցանկի վերանայում: Նա հիշեցնում է, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Խորհրդի 2021թ. սեպտեմբերի  14-ի  N 80 որոշման 1-ին կետով  հաստատվել են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի եւ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի նոր` փոփոխված տարբերակները: Արդյունքում, ըստ նրա, փոփոխվել են  ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծում ներառված  օզոնաքայքայիչ նյութերի եւ լցված այլ գազերի ծածկագրերը, եւ անհրաժեշտություն է առաջացել փոփոխել այն:

Նախարարի այս կարճատեւ ելույթը դիտողների աչքից չի վրիպել, թե ինչպես է նա տեքստը կարդում ընդհատ-ընդհատ,  մերթ ընդ մերթ ծիծաղում, այս ու այն կողմ նայում, ցուցաբերում ոչ ադեկվատ պահվածք: Համացանցում քննարկումներ եղան, որ այդ ամենը պայմանավորված է Սիմիդյանի` ինչ-որ խոտաբույս ծխելով, կասկածներ հայտնեցին, որ նա թմրամոլ է: Այդ ամենը, սակայն, մինչ օրս ոչ մի հետեւանք չի ունեցել, ոչ ոք չի հետաքրքրվել նախարարի առողջական վիճակով (համենայնդեպս, նա շարունակում է պաշտոնավարել): Իհարկե, համացանցային քննարկումները ճշմարտության վերին ատյան չեն, եթե նկատի ունենանք, թե վերջին տարիներին հատկապես ատելության, անհանդուրժողականության ինչպիսի մթնոլորտ է ձեւավորվել Հայաստանում, եւ ինչպես են մանրադիտակով նայում ու քննարկում ցանկացած պաշտոնյայի վարքագիծ ու խոսք: Սակայն հենց նման կասկածները փարատելու, բոլոր կարգի խոսակցություններին վերջ դնելու նպատակով արժեր բարձրագույն մակարդակով սպառիչ պատասխան տալ Հակոբ Սիմիդյանի առողջական վիճակին վերաբերող  քննարկումներին:

Ի վերջո, քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում հանրությունն իրազեկվում է նախագահի, տարբեր պաշտոնյաների առողջական վիճակի, բժշկական ստուգումներ անցնելու  մասին: Հայաստանում էլ է վերջին տարիներին նման ավանդույթ գործում, երբ նախկին նախագահների առողջական վիճակի, ՀՀ-ում եւ արտերկրում անցած բժշկական ստուգումների մասին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն: Ինչո՞ւ պետք է գործող նախարարը բացառություն լինի: Եվ եթե նա իրոք ունի ինչ-ինչ կախվածություններ, որոնք կարող են խանգարել նրա պաշտոնավարմանը, պետք է անհապաղ փոխարինող գտնել:

Հ. Գ.- Մոտ երկու ամիս առաջ էլ` մայիսին,  ազդարարվեց  ՙՀայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման՚ ծրագրի մեկնարկը: Ըստ պաշտոնական հաղորդագրության`ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի եւ վերականգնման վարկերի KFW բանկի ներկայացուցչի միջեւ ստորագրված հուշագիրը բնապահպանական ոլորտում մինչ այժմ Հայաստանին հատկացված դրամաշնորհներից ամենախոշորն է: ՀՀ-ին, ըստ այդ հուշագրի, տրամադրվում է շուրջ 26 միլիոն եվրո: Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են կենսաբազմազանության հարուստ պահպանվող տարածքներին, բնական ռեսուրսների եւ բնական հուշարձանների բարելավմանն ու պահպանմանը, էկոզբոսաշրջությանը:  Հարց`ի՞նչ երաշխիքով է այդ չափի խոշոր  գումարը` 26 միլիոն եվրոն,   վստահվում անադեկվատ վարք ցուցաբերող, ըստ որոշ  լուրերի` թմրամոլ նախարարի  տնօրինությանը: Ո՞րն է երաշխիքը, որ այդ դրամաշնորհային միջոցները ծառայելու են իրենց նպատակին:

 

Կիսվել սոց․ ցանցերում