Կանխատեսում եմ բոլորովին այլ ռшզմшկшն գործողություններ, դրանք տեղի կունենան մոտ շրջանում. փորձագետ

«Ադրբեջանը նոր չէ, որ գնում է ռազմական գործողությունների վերսկսման, բայց նոր է, որ ինտենսիվ սկսել է դրան նախապատրաստվել և կազմակերպել նաև ինֆորմացիոն արտահոսք դրա վերաբերյալ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մեդիատիրույթում ռազմական տեխնիկայի տեղաշարժի և զորավարժությունների մասին հրապարակումներին:

Ըստ Հովհաննիսյանի՝ դրա մասին են վկայում առաջին հերթին Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվ տարածվող ապատեղեկատվություններն առ այն, թե իբր հայկական կողմն է պարբերաբար գնում սադրանքների, նախահարձակ լինում, և իրենք էլ ստիպված գնում են հակազդող գործողությունների:

«Ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը իր համար ապահովում է տեղեկատվական հենք, որպեսզի ցույց տա, թե ընդամենը իրականացրել է իր սահմանների պաշտպանություն: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանը վերջին շրջանում Իսրայելից անթաքույց ռազմական բեռների փոխադրում է իրականացնում: Ադրբեջանի պաշտոնական խոսափողների դերը կատարող լրատվամիջոցներն էլ հայտարարել են, որ Ադրբեջանում զորավարժություններ են, և դրա անվան տակ արդեն մեկ օր է՝ տեղի է ունենում պահեստազորի զորահավաք: Այս բոլորի հանրագումարը, Ալիևի խոսույթը և աշխարհաքաղաքական զարգացումները խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է ռազմական գործողությունները վերսկսելու ճանապարհով»,- կարծում է նա:

Փորձագետը նշում է, որ որոշ փորձագիտական շրջանակներ կարծում են, թե Եվրամիության դիտորդները Ադրբեջանի համար կլինեն զսպող մեխանիզմ, սակայն, Հովհաննիսյանի խոսքով, քանիցս համոզվել ենք, որ դիտորդական առաքելությունն այդ առումով ոչ մի դրական բան չի կարող տալ, բացի այն, որ այս տարածաշրջանում Եվրոպայի «ականջներն է»:

«Երբ 2020 թվականի նոյեմբերին այդ փաստաթուղթը ստորագրվեց, ես ասացի, որ հիմք դրվեց նոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Շատերն այդ ժամանակ ինձ հակաճառում էին, բայց ժամանակը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա, պարզապես մենք ժամանակ էինք շահել, պետք է ճիշտ օգտագործեինք: Լայնածավալ ռազմական գործողություններ ասելով՝ պետք է նաև հասկանանք՝ ինչ նկատի ունենք. արդյոք 44-օրյայի նմա՞ն, արդյոք 4-օրյայի նմա՞ն, արդյոք բոլորովին ա՞յլ: Ես կանխատեսում եմ բոլորովին այլ ռազմական գործողություններ՝ այլ մեթոդաբանությամբ, սակայն չեմ ուզում բարձրաձայնել դրա մասին՝ խուճապ չառաջացնելու համար: Ադրբեջանը չի գնա այն ձեռագրով, որը մինչև հիմա է օգտագործել՝ քաջ գիտակցելով, որ մենք դրա դեմ ինչ-որ գործիքակազմ կարող ենք օգտագործել»,- նկատում է զրուցակիցը:

Ըստ փորձագետի՝ ռազմական գործողություններ տեղի կունենան մոտ շրջանում, ընդ որում՝ դրանք կարող են ուղիղ կապ ունենալ նաև սեպտեմբերի 4-ին կայացած Էրդողան-Պուտին հանդիպման հետ:

«Արևմուտքը Թուրքիայի դեմքերով չի կարողանում ազդեցություն գործել Պուտինի վրա: Էրդողանը ստանձնել էր միջնորդի առաքելությունը և պետք է համոզեր, ինչպես ինքն է ասում իր «ընկեր» Պուտինին, որպեսզի վերջինս կրկին վերադառնա հացահատիկի գործարքին: Չստացվեց, և այժմ, կարծում եմ, Պուտինի վրա ազդեցություն ունենալու համար փորձելու են մեր տարածաշրջանում իրավիճակն ավելի սրել, որպեսզի ՌԴ-ի համար ռեալ վտանգ ստեղծեն այս տարածաշրջանից դուրս գալու առումով և դա դարձնեն բանակցային թեմա՝ հացահատիկային թեմայի շրջանակում»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Ընդհանրապես օտարերկրյա խաղացողների պատերազմը մեր տարածաշրջանում միշտ ի վնաս մեզ է վերջացել, կարծում է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հայկական կողմը առաջին հերթին պետք է ռազմավարական գործընկերային հարաբերությունները վերանայի աշխարհի հետ և հասկանա, թե ում հետ է այդ հարաբերությունները կառուցում. «Երկրորդ՝ Հայաստանը օր առաջ պետք է մտածի սեփական ռազմարդյունաբերության, ինչպես նաև ոչ միայն պաշտպանական զենք-զինամթերքի ուղղությամբ, այլ նաև հարձակվողական, ընդ որում՝ դրանք պետք է լինեն նաև հեռահար նշանակության»:

Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանը, չնայած այն բանին, որ համարում է ԼՂ հարցը լուծված, ամեն դեպքում վախեր ունի:

«2020 թվականից հետո Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ Հայաստանը չպետք է զինվի, և երբ մեդիադաշտ նետվեց Հնդկաստանի հետ մեր զենք-զինամթերքի ձեռք բերման մասին պայմանավորվածությունը, Ադրբեջանը Հնդկաստանի դեսպանին կանչեց ԱԳՆ, բողոքի նոտա հղեց և սկսեց շատ նեգատիվ վերաբերվել Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերություններին: Բաքվի արձագանքը ինդիկատոր էր, նրանք դրան շատ ջղաձգորեն վերաբերվեցին՝ արդեն հասկանալով, որ կհանդիպեն շատ ավելի մեծ ուժի կամ գոնե հավասար ուժի և չեն կարող գրանցել այն արդյունքները, որոնք  գրանցել են մինչև հիմա, ավելին՝ կարող են ունենալ շատ մեծ խնդիրներ»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում