Կառավարե՞լ, թե՞ բաց թողնել. ի՞նչ ազդեցություն ունի յոգան մարդու համար

Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես յոգան մեծ տարածում է ստանում. մարդիկ ավելի շատ են սկսել յոգան ընկալել որպես հոգեկան և ֆիզիկական առողջության գործոն: Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի՝  «Բա իմացա՞ր» ալիքի «Expert» հաղորդման շրջանակներում հայտարարեց յոգայի պրոֆեսիոնալ  մարզիչ, հոգեբան Անահիտ Մանուկյանը (Ana Green):

Խոսելով յոգայի հետ կապված համաշխարհային միտումների և այն հարցի մասին, թե արդյո՞ք Հայաստանը զարգանում է դրանց համահունչ,  Մանուկյանը նշեց.

«Աշխարհում  նոր տեխնոլոգիաների, այդ թվում օնլայն հարթակների կիրառման միջոցով յոգան ավելի հասանելի է դառնում մարդկանց համար: Ստեղծվում են նաև յոգայի ավանդական և ժամանակակից ոճերի խառնուրդներ, ինչպիսիք են օրինակ՝ «Power Yoga»-ն, «Hot Yoga»-ն, որոնք Հայաստանում դեռևս այդքան էլ զարգացած չեն: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ Հայաստանը այդքան էլ հետ չի մնում համաշխարհային տենդենցներից, սակայն դեռևս կան ուղղություններ, որոնց  զարգացման ուղղությամբ շատ անելիքներ կան»,-ասաց մարզիչը:

Անդրադառնալով յոգայով զբաղվողներին հուզող՝ կառավարե՞լ, թե՞ բաց թողնել հարցին, Անահիտ Մանուկյանն ասաց.

«Այս հարցը հաճախ է առաջանում, երբ մենք որոշում ենք ինչ-որ բան ձեռնարկել, վերահսկել կամ թողնել իր հունով ընթանա: Սրա պատասխանը, կարծում եմ կախված է իրավիճակից և դրված նպատակից: Կառավարել՝ եթե ցանկանում ենք ավելի խորը հասկանալ մեզ, և եթե որոշումը կարևոր է մեր նպատակներին հասնելու համար: Բաց թողնել՝ երբ իրավիճակը մեր հիմնական նպատակների վրա չի ազդում և մեր վերահսկողությունից դուրս է: Երբ որևէ հույզ, միտք, իրավիճակ միայն ավելորդ սթրես, լարվածություն ու ցավ է պատճառում մեզ, նախընտրելի է «բաց թողնել»: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, կարևոր է նաև կառավարելով հասնել նրան, որ պատրաստ լինեք իրապես «բաց թողնելուն»: Այն, ինչ կուտակում ենք մեր մեջ և չենք կարողանում բաց թողնել, օրինակ՝ վիրավորանքը, բարկությունը՝ վնասում է  մեզ: Ինչպես ասում է Նելսոն Մանդելան՝ «Նեղանալը և բարկանալը նույնն է, ինչ խմես թույն ՝այն հույսով, որ դրանից կմեռնի մեկ ուրիշը»:

Յոգայով զբաղվելու առանցքային առավելությունների, տարածված կարծրատիպերի, միֆերի և այլ հետաքրքիր հարցերի շուրջ Անահիտ Մանուկյանի հետ ամբողջական հարցազրույցն այստեղ:

Կիսվել սոց․ ցանցերում